Լեհաստանը լույս հինգշաբթի գիշերը ռազմական ինքնաթիռներ է բարձրացրել օդ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածների ֆոնին իր օդային տարածքը պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի զինված ուժերի հայտարարությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կործանիչ և վաղ նախազգուշացման ինքնաթիռները սկսել են գործողությունները, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության համակարգերը բերվել են մարտական պատրաստության»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում։
Մեկ այլ հայտարարության մեջ Լեհաստանի զինված ուժերը նշել են, որ ազգային և դաշնակից հետախուզական համակարգերը հայտնաբերել են ռուսական հեռահար ավիացիայի ինտենսիվ մարտական ակտիվություն:
Լեհաստանի ՀՕՊ համակարգի ռադարները դիտարկել են արևմտյան Ուկրաինայի վրայով գործող առնվազն մեկ տասնյակ հրթիռների ակտիվություն, որոնք, հաշվի առնելով դրանց թռիչքի ուղղությունը, կարող էին պոտենցիալ սպառնալիք ներկայացնել Լեհաստանի օդային տարածքի համար։
Հրթիռներից մեկը լեհական սահմանին մոտեցել է ժամը 3:29-ին՝ շուրջ 5 կմ հեռավորության վրա, նախքան ուղղությունը փոխելը և արևելք շարժվելը։
Հաղորդվում է, որ տեղի ժամանակով ժամը 3:40-ին Լեհաստանի օդային տարածքում հայտնաբերվել է անհայտ օբյեկտ, որը շարժվում էր դեպի արևմուտք: Տարածք է ուղարկվել F-16 կործանիչ՝ այն նույնականացնելու և որսալու համար: Ժամը 3:46-ին, նախքան հստակ նույնականացումը, օբյեկտն անհետացել է ռադարներից: Ուղարկվել Մի-24 ուղղաթիռի անձնակազմը հայտնաբերել է հավանական վթարի վայրը՝ Լյուբլինի վոյևոդության Տարնավա-Կոլոնիա քաղաքի մոտ գտնվող տարածքում:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևմտյան մասի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ խախտվել է երկրի օդային տարածքը։
«Պաշտպանության նախարարի և համապատասխան ծառայությունների համակարգող խումբը ժամեր շարունակ աշխատել է դեպքի վայրում և համակարգված կերպով ինձ տեղեկատվություն է տրամադրում բոլոր հանգամանքների վերաբերյալ»,- գրել է նա X-ում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի