Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտվել է․ 2027-ին այն կարող է ամբողջությամբ լցվել (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտվել է, իսկ կառավարությունը ծրագրի շրջանակում 2026 թվականի պետական բյուջեից կհատկացնի ևս 650 մլն դրամ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ հատկացվող միջոցների հիմնական մասը կուղղվի կապալառուին հետավարտական երաշխիքային պարտավորությունների վճարմանը, ինչպես նաև ինժեներական հսկողության ծառայությունների ֆինանսավորմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Վեդու ջրամբարը Հայաստանի նորագույն պատմության ամենախոշոր ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագծերից է։

Նրա խոսքով՝ շինարարության ավարտը չի նշանակում, որ աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են․ այժմ իրականացվում է փուլային ջրալցում և ամբարտակի տեխնիկական մշտադիտարկում՝ միջազգային ինժեներների մասնակցությամբ։ Այս պահին ջրամբարում արդեն կուտակվել է շուրջ 12.5 մլն խորանարդ մետր ջուր։

Ջրամբարը ներկայումս չի լցվում առավել արագ, քանի որ ամառային ակտիվ ոռոգման շրջանում ջրային ռեսուրսներն առաջնահերթ ուղղվում են գյուղատնտեսական հողատարածքների ոռոգմանը։ Ֆրանսիական ինժեներական կազմակերպությունն արդեն թույլատրել է անցնել ջրալցման հաջորդ փուլին՝ մինչև 20 մլն խորանարդ մետր ծավալ։ Եթե 2027 թվականը նույնպես ջրառատ լինի, ապա տարեվերջին ջրամբարը կարող է հասնել իր ամբողջական՝ 30 մլն խորանարդ մետր տարողությանը։

Ծրագրի շրջանակում ավարտին կհասցվեն նաև ջրամբարի հարակից ենթակառուցվածքային աշխատանքները, այդ թվում՝ ավտոճանապարհի տեղափոխումը, որպեսզի ապահովվի բնակիչների անխափան տեղաշարժը և ջրամբարի լիարժեք շահագործումը։

Leave a comment