Խորհրդարանի նոր գումարման աշխատանքների մեկնարկին ընդառաջ ևս երկու գաղափարով կիսվեմ խորհրդարանական ընդդիմության հետ: Քանզի ԱԺ մանդատները վերցնելու որոշումը հիմնավորվում էր նաև պառլամենտական գործիքակազմը օգտագործելու հնարավորությամբ, ընդդիմությանը առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ:
1.Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետական միջոցների չարաշահումների, վարչական ռեսուրսի օգտագործման և արտաքին միջամտությունների փաստերը քննող հանձնաժողով:
Այս քայլով քաղաքական օրակարգում ինստիտուցիոնալ արտացոլում կստանա իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ընդդիմադիր խոսույթը: Օգտագործելով ԱԺ լծակները, հնարավոր է նոր փաստեր և հանգամանքներ բացահայտել այս ուղղությամբ: Կարևոր է նաև ԵՄ նոր առաքելության (հենց ընտրությունների ընթացքում) գործունեության հետ կապված լույսի սփռում: Հիշեցնեմ, օրինակ, EURONEWS-ի սկանդալային ռեպորտաժը` սոցիոլոգիական հարցումների հետ կապված:
Անշուշտ, այդ հանձնաժողովի գործառույթների, մանդատի, ոլորտների հետ կապված պետք են լրացուցիչ քննարկումներ, բայց կարծում եմ, որ հաստատ արժե նման քայլ անել նոր ԱԺ-ում:
2.Քննիչ հանձնաժողով ստեղծելու մեկ այլ հիմնավորում, մեկ այլ ուղղություն կարող է լինել Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Հաշվի առնելով պրոբլեմի ահռելի և աննախադեպ ծավալները, մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը բավարար չէ (եթե անգամ զբաղվի այս խնդրով) հարցի լիարժեք և ամբողջական ուսումնասիրման համար:
Ավելին, ԱԺ-ում նման հանձնաժողովի ստեղծումը ինստիտուցիոնալ քայլ կարող է լինել այս խնդրի քաղաքական, հանրային և միջազգային արտացոլումների համար: Ակնհայտ է նաև, որ այդ քննիչ հանձնաժողովը կարող է կորիզ լինել հասարակական, հանրային, քաղաքացիական մյուս նախաձեռնությունների համար, որ գոյություն ունեն դաշտում:
Մի խոսքով, հուսով եմ, որ այս առաջարկությունները կարող են օգտակար լինել թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ քաղաքական օրակարգում ԱԺ հնարավորությունները կապիտալիզացնելու տեսանկյունից:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
29.07.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: