Քաղաքականություն
30.07.2026 | 10:13
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 30-ի գիշերը հարվածել են ՌԴ Պենզայի մարզում և Ուդմուրտիայում գտնվող Wildberries-ի պահեստներին, հայտնել է ընկերությունը, գրում է Meduza-ն։
Հարձակումների հետևանքով հրդեհվել են Պենզայի մոտակայքում գտնվող Մաստինովկա գյուղում և Սարապուլում ընկերության լոգիստիկ կենտրոնները։
Wildberries-ը հայտարարել է, որ պահեստներից տարհանել է աշխատակիցներին օդային հարձակման մասին տագնապի հայտարարությունից հետո: Պենզայում պահեստի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Նախնական տեղեկություններով՝ Սարապուլում տուժածներ չկան։
Ընդհանուր առմամբ, հուլիսի լույս 30-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ-ը երկրի շրջանների, բռնակցված Ղրիմի, Ազովի ու Սև ծովերի վրա որսացել և ոչնչացրել է ուկրաինական 258 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Հուլիսի կեսերից ի վեր Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի ավելի քան 10 պահեստների վրա։ Հարձակումները բացատրվում են նրանով, որ պահեստներում, Կիևի պնդմամբ, պահվում են անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ և երկակի նշանակության ապրանքներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի