Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի անվտանգության կառույցները պատրաստվում են Քնեսեթի առաջիկա ընտրություններին հնարավոր արտաքին միջամտության սցենարներին։ Ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա հոկտեմբերի վերջին։
Իսրայելի 15-րդ հեռուստաալիքի հաղորդմամբ՝ անվտանգության ծառայությունները մտահոգված են, որ մի շարք երկրներ, մասնավորապես Թուրքիան, փորձում են ազդել Իսրայելի ընտրական գործընթացի վրա, խաթարել ընտրությունների բնականոն ընթացքը և խորացնել երկրի ներսում առկա քաղաքական ու հասարակական տարաձայնությունները։ Նշվում է, որ նման ազդեցության հիմնական գործիքներից մեկը սոցիալական ցանցերն են։
Միաժամանակ Kan 11 հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի ներքին անվտանգության ծառայության («Շին Բեթ») ղեկավար Դավիդ Զինին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում զգուշացրել է ընտրական գործընթացը խաթարելու հնարավոր փորձերի մասին։
Ըստ հեռուստաալիքի՝ Զինին հայտարարել է, որ «Շին Բեթը» զգալի ռեսուրսներ է ուղղում Իրանի և այլ օտարերկրյա պետությունների կողմից ընտրական գործընթացը թուլացնելու կամ դրա վրա ազդելու հնարավոր փորձերի կանխմանը։
Նրա խոսքով՝ ընտրությունների անվտանգությունն այժմ ծառայության համար երկրորդ կարևորագույն առաջնահերթությունն է՝ միայն խոշոր ահաբեկչական հարձակումների կանխարգելումից հետո։ Զինին ընդգծել է, որ անվտանգության մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած միջամտություն կանխելու համար։
Քննարկումներին մասնակցած պաշտոնյաների խոսքով՝ «Շին Բեթի» ղեկավարը հատկապես մտահոգություն է հայտնել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից հնարավոր միջամտության փորձերի կապակցությամբ։ Միևնույն ժամանակ Իսրայելի 15-րդ ալիքը հաղորդում է, որ անվտանգության կառույցները ուշադրության կենտրոնում են պահում նաև Թուրքիայի հնարավոր ազդեցության գործողությունները։