«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:
Տարիներ առաջ, երբ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու «Տաշիր» խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին ՀԷՑ-ը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված, կորուստներով լի և կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում: Հսկայական ներդրումների, ռազմավարական ճիշտ պլանավորման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բաշխիչ ցանցերը կարճ ժամանակում վերածվեցին բարձր մակարդակի, կայուն և հուսալի համակարգի: Սակայն այսօր օրվա իշխանությունը, լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն:
Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը:
Ակնհայտ է, որ իրավական ու տնտեսական հիմքերից զուրկ այս գործընթացը չի մնալու անպատասխան: ՀԷՑ-ի օրինական սեփականատերերը պատրաստվում են ամենայն վճռականությամբ պայքարել սեփական իրավունքների համար, և կասկած չկա, որ արդարությունը վերականգնվելու է, իսկ ռազմավարական այս հսկան ի վերջո վերադարձվելու է իր օրինական տերերին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև վերանալ: Վերջին ամիսներին նա մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ երեկ գրանցվեց հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժեց նաև նրա թեկնածությունը Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքեց ՔՊ գրասենյակը։
Սա, սակայն, Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ։ Ավելի վաղ նա չընտրվեց ՔՊ վարչության անդամ՝ չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր համարում։
Այնուհետև, արդեն նոր գումարման Ազգային ժողովում, Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն։ Կուսակցության ներսում արդեն որոշված է, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։
Մեր զրուցակիցների խոսքով՝ Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ-ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնասել իշխող թիմի հեղինակությանը։
Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակներում։
Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտեց 0.24 մգ թմրամիջոցի հայտնաբերման պայթեցնող գործի մասին: Իսկ ներկայումս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի և դատախազը պետք է Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնի»։