Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի նկատմամբ ԱՄՆ հետագա ռազմավարությունը․ Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում կասկած է հայտնել Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ և կոչ արել ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ՝ ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական միջոցներով։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի հետագա գործողությունների երեք հիմնական տարբերակները՝ Իրանի հետ դիվանագիտական համաձայնության ձեռքբերումը, Իրանի ծովային շրջափակման և տնտեսական ճնշման շարունակումը, ինչպես նաև ռազմական գործողությունների վերսկսումն ու ընդլայնումը։

Ըստ Axios-ի՝ Թրամփը մտահոգություն է հայտնել պատերազմի հնարավոր ազդեցության վերաբերյալ համաշխարհային էներգետիկ շուկաների և գլոբալ տնտեսության վրա։ Ի պատասխան՝ Նեթանյահուն նշել է, որ Իրանը փորձում է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն օգտագործել որպես ճնշման գործիք՝ Վաշինգտոնից զիջումներ կորզելու նպատակով։

Իսրայելցի պաշտոնյան նաև պնդել է, որ Իրանը բախվում է տնտեսական լուրջ դժվարությունների, այդ թվում՝ վառելիքի մատակարարման խնդիրների, դիզելային վառելիքի պակասի և հանրային դժգոհության աճի, ինչը, նրա խոսքով, մտահոգում է երկրի ղեկավարությանը։

Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարության ներսում առկա են տարաձայնություններ տնտեսական ճգնաժամից մտահոգված առավել պրագմատիկ շրջանակների և կոշտ գծի կողմնակիցների միջև։ Աղբյուրը նաև անդրադարձել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ նշելով, որ նրա դերի և վերջին շրջանում հանրային ներկայության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։

Axios-ի տվյալներով՝ հանդիպման ավարտին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը նպատակ ունի առաջիկա տասը տարիների ընթացքում հրաժարվել ամերիկյան ռազմական օգնությունից և հասնել լիարժեք պաշտպանական ինքնաբավության։ Նա առաջարկել է բանակցություններ սկսել համապատասխան հուշագրի շուրջ, ինչպես նաև մինչև տասնամյակի ավարտը մշակել իսրայելական ժամանակակից կործանիչ։

Միևնույն ժամանակ, որպես անցումային տարբերակ, Նեթանյահուն առաջարկել է 16 միլիարդ դոլարի ուղղակի ռազմական օգնություն, 5-10 միլիարդ դոլարի ֆինանսավորում հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար և 16 միլիարդ դոլարի համատեղ հիմնադրամի ստեղծում՝ նոր սպառազինությունների մշակման նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment