Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը ՊՆ է այցելել

«Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը»,- հայտնում են ՊՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ պատվիրակությանը համագործակցության և ՀՀ զինված ուժերի կարողությունների զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Իր հերթին Դաֆնե Մարեն ներկայացրել է երկարամյա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման ուղղությամբ զինված ուժերի կարողությունների շարունակական զարգացումը»։

Leave a comment