Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ պատվիրակությանը համագործակցության և ՀՀ զինված ուժերի կարողությունների զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Իր հերթին Դաֆնե Մարեն ներկայացրել է երկարամյա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման ուղղությամբ զինված ուժերի կարողությունների շարունակական զարգացումը։
ՀՀ պաշտպանության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: