Քաղաքականություն
29.07.2026 | 22:28
Մասիս համայնքի ղեկավարի հուլիսի 29-ի որոշումներով կադրային փոփոխություններ են կատարվել համայնքապետարանում։
Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի որոշմամբ՝ Գևորգ Կոստանյանը հուլիսի 29-ից ազատվել է համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնից։
Մեկ այլ որոշմամբ՝ Մասիսի նախկին համայնքաապետ Դավիթ Համբարձումյանը հուլիսի 30-ից նշանակվելու է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանն ավելի քան 7 տարի տևած դատաքննությունից հետո մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։
Համբարձումյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել դեռ 2019թ․-ից, մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար։
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին՝ ժամը 16-17-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ այն շինծու է։ Այժմ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է գտնվում Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ բողոքը։
Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, մասնակի բավարարեց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ մեղադրողների և պաշտպանների բողոքները՝ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը՝ Դավիթ և Գոռ Համբարձումյանների մասով և վարույթն այդ մասով փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։