Ամբերդ համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է համայնքապատկան 9 հողակտոր, այդ թվում՝ պուրակը. հակակոռուպցիոն կոմիտե

Ամբերդ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներ, այդ թվում՝ պուրակը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, օրենքի խախտմամբ, ձևական աճուրդի միջոցով Ամբերդ համայնքին պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության տարբեր մակերեսներով 8 հողամասերը վաճառել է իրեն և հարազատներին՝ եղբայրներին, հորը, իսկ համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառել է կնոջը: Հետագայում՝ նախաքննության ընթացքում, այն նվիրատվության կարգով վերադարձվել է համայնքին:

Համայնքապետարանի նախկին ղեկավարն ու 2 աշխատակիցներն ընդունել են իրենց վերագրվող հանցանքները և վերականգնել պետությանը պատճառված վնասը. վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment