ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ուշագրավ է ոչ միայն այն ուղղություններով, որոնցով նա մեկնում է, այլև հենց այցի փաստով։
Մեկնաբանելով այցի նշանակությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Փոլ Գոբլը շարունակում է. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԱՄՆ-ի համար գնալով ավելի կարևոր են դառնում ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրներն էլ հեռացել են Մոսկվայից և աջակցում են TRIPP-ին, այլև այն պատճառով, որ Իրանի շուրջ լարվածությունը, անկասկած, տարածվելու է Հարավային Կովկասի վրա»։
Այս տեսանկյունից Վենսի այցը կրում է ոչ այնքան արարողակարգային, որքան հավաստիացնող բնույթ։ Ըստ Գոբլի՝ փոխնախագահը Բաքու և Երևան է ժամանում, «որպեսզի երկու կողմերին հավաստիացնի ԱՄՆ-ի աջակցության մասին և խրախուսի նրանց ընտրած ուղին» այն պահին, երբ տարածաշրջանից դեպի հարավ առկա անկայունությունը կարող է արագորեն ազդել դրանից դեպի հյուսիս ընկած անվտանգային հաշվարկների վրա։
«Կարծում եմ՝ Իրանի շուրջ խնդիրները շատ ավելի լավ են բացատրում այցի ժամանակացույցը, քան միջանկյալ ընտրությունները»,- ասում է նա: