ՄԻՊ–ը զինծառայողի վերաբերյալ ահազանգի հետքերով այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Բաժանորդագրվել

Պաշտպանը խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը 19-ամյա ժամկետային զինծառայողի վերաբերյալ ահազանգից հետո այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։ Լուրը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ջերմուկի զորամասում հուլիսի 22-ին 19-ամյա զինծառայողի են դաժան ծեծի ենթարկել, նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Որոշ ժամանակ անց ՊՆ–ն հերքեց այս լուրը` նշելով, որ զինծառայողը հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով, գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։

Ըստ ՄԻՊ–ի հաղորդագրության` Մանասյանի այցի ընթացքում հատուկ ուսումնասիրության առարկա են դարձել ժամկետային զինծառայող Ա. Հ.-ի իրավունքներին առնչվող հարցերը:

«Պաշտպանը բժիշկ-հոգեբույժի մասնակցությամբ խորհրդապահական առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, լսել զինծառայողին մտահոգող խնդիրները։ Ուսումնասիրվել են նաև բժշկական փաստաթղթերը։ Նշված զինծառայողին առնչվող բոլոր հարցերն այս պահին էլ հասցեավորվում են ըստ իրավասության: Այս հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,– ասված է հաղորդագրությունում:

Leave a comment