Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը 2026 թվականի հուլիսի 27-ին հաստատեց խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության կանոնների նոր տարբերակը։ Սոցցանցերում սա որակվեց որպես լրագրողների աշխատանքի սահմանափակում, սակայն Ռուբինյանը պնդեց, որ լրագրողական գործունեությանը վերաբերող դրույթները չեն խստացվել և գործում են դեռևս 2021 թվականից։ Այդ ժամանակ ներդրված անվտանգության նոր կանոններով լրագրողներին թույլատրվում էր աշխատել առանձնացված հատվածներում, իսկ նիստերի դահլիճում կամ պատգամավորների աշխատասենյակների հարևանությամբ նկարահանումները հաճախ ուղեկցվում էին ՊՊԾ աշխատակիցների միջամտությամբ։
Factor.am-ը ոչ միայն համեմատել է 2019, 2021 և 2026 թվականների կարգավորումները, այլև ուսումնասիրել դրանց կիրառման պրակտիկան։ Համեմատությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ լրագրողների աշխատանքի սահմանափակումները հիմնականում չեն ներդրվել զրոյից, ներառված են եղել դեռևս 2021-ի որոշման մեջ, սակայն անվտանգության ընդհանուր կանոններում ավելացված կամ վերաձևակերպված որոշ դրույթներ կարող են առնչվել նաև լրագրողներին և ազդել նրանց մասնագիտական գործունեության վրա։
2021-ի և 2026-ի որոշումներում լրագրողների նկատմամբ գործող սահմանափակումների համեմատականը
5 տարի առաջ արդեն իսկ սահմանափակվել էր Աժ-ում լրագրողների տեղաշարժը, սակայն 2026-ին կանոններն ավելի են խստացվել։ Հատուկ վերահսկելի գոտիներում՝ նիստերի դահլիճ, ԱԺ նախագահի աշխատասենյակ և այլն, լրագրողներին արգելվում է մասնագիտական որևէ գործունեություն ծավալել։ Չհավատարմագրված լրագրողների համար, որոնք անցագրով պետք է մուտք գործեն խորհրդարան, 2026-ի կանոններով ավելացվել է պայման․ անցագրում պետք է պարտադիր նշվի ԱԺ շենք մտցվող տեխնիկայի վերաբերյալ տեղեկություն։
Ինչպես 2021-ի, այնպես էլ նոր կարգավորումներով Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը պետք է իրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:
Հանձնաժողովների նիստերին լրագրողների մասնակցությունն ապահովելու համար նրանց ցուցակը պետք է կազմվի և նիստի մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։
Հավատարմագրված լրագրողների համար սահմանված մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտի տարածք թույլատրվում է ժամը 08:00-ից 19:00-ն, իսկ Ազգային ժողովի նիստի օրերին՝ 19:00-ից հետո՝ մինչև նիստի ավարտը:
2021 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ հանվել է լրագրողների՝ որպես օթյակում գտնվելու բացառիկ իրավունք ունեցողների հիշատակումը, որն առկա էր 2019-ի տարբերակում։
«․․․Ազգային ժողովի դռնբաց նիստերի ժամանակ, բացի Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներից, նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տված ցուցակով ներկայացված անձինք»,- նշվում էր 2019-ի որոշման մեջ։
Ալեն Սիմոնյանի 2021-ի որոշմամբ լրագրողների վերաբերյալ ձևակերպումը հանվել էր, եթե նախկինում (2019-ին) լրագրողներն օթյակում կարող էին գտնվել առանց հավելյալ ցուցակների, ապա 2021-ից սկսած այդ արտոնությունը վերացվել է, և նրանք այլևս չեն նշվում այդ կետում որպես բացառություն։
2026 թվականի հուլիսի 27-ի որոշման մեջ օթյակների վերաբերյալ կետը պահպանել է 2021-ի խմբագրված տարբերակը, որտեղ լրագրողների մասին հիշատակում չկա. «․․․Ազգային ժողովի դռնբաց նիստերի ժամանակ նիստերի դահլիճի օթյակներում գտնվելու իրավունք ունեն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի տված ցուցակով ներկայացված անձինք»:
Դրանով օթյակում գտնվող ցանկացած անձ դիտվում է որպես սովորական այցելու և ենթարկվում է սահմանափակումների։
ԱԺ-ում գործող պրակտիկան
Ազգային ժողովի շենքում լրագրողների տեղաշարժի և գործունեության իրական պրակտիկան տարբերվել է հրապարակված որոշումներում առկա կարգավորումներից։
2021 թվականի օգոստոսին, երբ 8-րդ գումարման խորհրդարանի նիստերը մեկնարկեցին, լրագրողների համար անակնկալ կերպով գործադրվեցին խիստ սահմանափակումներ։ Արգելվել էր տեղաշարժը մասնաշենքերը կապող միջանցքով (որն անվանում էին «Լաչինի միջանցք»), և լրագրողները չէին կարողանում մոտենալ պատգամավորների աշխատասենյակներին՝ նրանց հարցեր տալու համար։ Նրանց թույլատրվում էր աշխատել միայն նիստերի դահլիճի մոտ գտնվող հատվածներից։
Լրագրողների և լրագրողական կազմակերպությունների դժգոհությունների ֆոնին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բանավոր հրահանգով շուրջ 2 տարի առաջ սահմանափակումները սկսեցին ավելի մեղմ կիրառվել և լրագրողներին թույլատրվեց ավելի ազատ տեղաշարժվել։ Թեև պաշտոնական որոշման մեջ փոփոխություն չէր եղել, ՊՊԾ աշխատողները գործնականում դադարել էին արգելել տեղաշարժը միջանցքով։
Թեև 2021-ի որոշմամբ լրագրողները զրկվել էին օթյակներում գտնվելու բացառիկ իրավունքից, պրակտիկայում նրանք շարունակում էին այնտեղից ֆիքսել պատգամավորների վարքագիծը (օրինակ՝ հեռախոսով խաղեր խաղալը կամ առցանց գնումներ անելը)։ Սահմանափակումների կիրառման ամենահնչեղ դեպքերից մեկը գրանցվեց 2021 թվականի օգոստոսի 25-ին։ Այդ օրը ԱԺ-նիստում գրանցվեց հերթական հայհոյախառն միջադեպը․ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շիշ նետեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ։ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին օթյակից միջադեպը նկարահանող լրագրողների աշխատանքը և նրանց դուրս բերեցին տարածքից։
Այս ընթացքում սահմանափակումները երբեմն էլ օգնել են պաշտոնյաներին խուսափել լրագրողների՝ իրենց համար անցանկալի հարցերից, քանի որ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս լրագրողներին երկար ժամանակ հետևել կամ հարցեր ուղղել պատգամավորներին։
2026-ի որոշման մեջ կան փոփոխություններ, որոնք չեն վերաբերում լրագրողներին
2026-ի նոր որոշմամբ ընդլայնվել է նաև տեխնիկական արգելքների շրջանակը. անվտանգության աշխատակիցներին տեսանկարահանելու արգելքը, որը ներդրվել էր 2021-ին, ընդլայնվել է․ 2026-ի որոշման մեջ այն տարածվում է նաև հսկիչ անցագրային կետերի վրա։ Ավելացվել է նոր արգելք այցելուների համար. արգելվում է կապի միջոցներով ուղիղ միացում ապահովել կամ որևէ հրապարակային գործունեություն իրականացնել ԱԺ տարածքում։
Եթե 2021-ին պարզապես արգելվում էր մուտքն Ազգային ժողով մարզական կամ աշխատանքային հագուստով, ապա 2026-ի կանոններով սահմանվել է «պատշաճ արտաքին տեսքի» պահանջ։ Այցելուները պետք է կրեն ներկայացուցչական, գործնական հագուստ։ Որոշումից պարզ չէ՝ այս պահանջը տարածվելու է լրագրողների վրա, թե ոչ։
2026-ի կանոններում համալրվել է արգելված նյութերի ցանկը։ Բացի ալկոհոլից, այժմ նշված է նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելու արգելքը։ Պահպանվել է 2021-ին ավելացված բարձրախոսներն ու պաստառներն Ազգային ժողով բերելու արգելքը։
2021-ի որոշմամբ ներդրված էլեկտրոնային հայտերի համակարգը 2026-ին դարձել է հիմնական։ Սակայն 2026-ի որոշման մեջ ավելացվել է մի ամբողջ նոր գլուխ, որը սահմանում է գործողությունները էլեկտրոնային համակարգի խափանման դեպքում։ Այդ ժամանակ պետք է վերադառնան թղթային ձևաթղթերին։
2026-ի որոշմամբ հստակեցվել է այն անձանց ցանկը, ովքեր անցնում են առանց զննության։ Ավելացվել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները և միջազգային կազմակերպությունների ղեկավարները (համապատասխան գրության առկայության դեպքում)։ Ուղեկցող անձանց մուտքը (նախագահի, վարչապետի, կաթողիկոսի դեպքում) մնում է անարգել, ինչպես սահմանվել էր 2021-ին։
Այսպիսով՝ համեմատությունը ցույց է տալիս, որ լրագրողների տեղաշարժի և աշխատանքի հիմնական սահմանափակումները խորհրդարանում իսկապես ներդրվել են դեռևս 2021 թվականին։ Այդ առումով Ռուբեն Ռուբինյանի պնդումը, թե նոր որոշմամբ ամբողջությամբ նոր սահմանափակումներ չեն սահմանվել, մասամբ համապատասխանում է գրավոր կանոններին։ Սակայն գործնական կիրառման իմաստով տարբերվում է, քանի որ Սիմոնյանի բանավոր հրահանգով անվտանգության աշխատողները որոշման տառը պահելով խստորեն չէին սահմանափակում լրագրողների աշխատանքը։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի որոշումը միայն նախկին կանոնների մեխանիկական կրկնությունը չէ։ Դրանում ավելացվել և հստակեցվել են տեխնիկայի, անցագրային կետերում նկարահանումների, ուղիղ միացումների, արտաքին տեսքի և մուտքի ընթացակարգերի վերաբերյալ պահանջներ։
Դրանցից մի քանիսը ձևակերպված են ընդհանրական և ոչ միանշանակ, ինչի հետևանքով դրանց իրական ազդեցությունը լրագրողների աշխատանքի վրա կախված է լինելու ոչ միայն որոշման տեքստից, այլև այն բանից, թե ինչպես են այդ կանոնները կիրառելու Ազգային ժողովի աշխատակազմը, անվտանգության ծառայողները և Ազգային ժողովի նոր նախագահը։ Հիշեցնենք՝ խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» այդ պաշտոնում որոշել է առաջադրել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Եվգենյա Համբարձումյան