«Վերջին շրջանում արձանագրում ենք, որ պետական մարմինների կողմից պրոակտիվ տեղեկատվության հրապարակումը սահմանափակվում է»․ Աննա Մելիքյան

«Եթե իրավապաշտպանների դեմ բողոքներն արդյունավետ են քննվում՝ միանգամից կանչում, հարցաքննում են, ապա երբ հակառակն է լինում, բավականին պասիվ քննություն է լինում, և ավելի հեշտ ՄԻԵԴ-ից է հնարավոր վճիռ ունենալ, քան ՀՀ-ից։ Գործեր ունենք, որ մի քանի շրջան գնացել, բողոքարկվել են բոլոր ատյաններով, բայց արդյունքում որևէ տեղ գործը չի հասնել»,- «COP-17-ին ընդառաջ․ իրավապաշտպանների օրակարգը և մարդու իրավունքների առաջնահերթությունները» խորագրով քննարկման ժամանակ խոսելով մարտահրավերների և խնդիրների մասին՝ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը։

Նա ցավով նշեց՝ տարիներ շարունակ արձանագրում ենք նույն խնդիրները, որոնք չեն լուծվում։

Ըստ նրա՝ քրեական արդարադատությունը մնում է ինչ-որ ձևով միակ մեխանիզմը իրավապաշտպանների համար, քանի որ քաղաքացիական կամ վարչական մեխանիզմների միջոցով չի լինում հասնել խնդիրների լուծմանը․ «Կրկին այդ վարույթները տեղ չեն հասնում և տարիներով կարող են թմրել և որևէ արդյունք չունենալ»։

Խոսելով տեղեկատվության ազատության խնդիրների մասին՝ Աննա Մելիքյանն ասաց․ «Վերջին շրջանում արձանագրում ենք, որ պետական մարմինների կողմից պրոակտիվ տեղեկատվության հրապարակումը սահմանափակվում է, մյուս կողմից, երբ հայցում ես տեղեկատվություն, կամ չեն տրամադրում, կամ կիսատ են տրամադրում։ Այսինքն՝ ինֆորմացիայի որակը վատանում է։ Արդյունքում պետք է գնաս դատարան և տարիներով սպասես։ Իսկ համայնքի բնակիչները, որոնց կյանքի վրա են ազդում որոշումները, ավելի քիչ հնարավորություն և հասանելիություն ունեն տեղեկատվության։ Արդյունավետ դատական պաշտպանության մեխանիզմը լավ բան է, բայց մյուս կողմից չպետք է թողնենք դատարանին, որը բավականին երկարատև ու ծախսատար գործընթաց է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment