Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն ու երկխոսությունը չի համարում չստացված։
«Երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք։ Առնվազն մի քանի հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք իր համար այլընտրանքներ ձևակերպելու ու ձևավորելու։ ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, որ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին»,- ՔՊ վարչության նիստից հետո լրագրողներին ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։
«Ինչ վերաբերում է խնդրին, տեսեք՝ այդ խնդիրը Հայաստանինը չէ, ԵԱՏՄ խնդիրն է։ Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասաց Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից, Փաշինյանը պատասխանեց՝ նման որոշում չունեն։
Հարցին՝ ինչու միայն Հայաստանի հետ է առաջացել այդ խնդիրը, եթե դա ԵԱՏՄ-ի խնդիրն է, Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Ընդ որում, այդ քաղաքականության լեգիտիմությունը Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է։ Խնդիրն այն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի»։
Լրագրողները Փաշինյանից նաև հետաքրքրվեցին, թե Պուտինի հետ հեռախոսազրույցում արդյոք Պուտինն իրեն վերջնաժամկետ տվել է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
«Վերջնաժամկետների մասին խոսույթն անընդունելի է։ Մենք ինքներս ենք որոշումներ կայացնում, այդ առումով ասացի՝ մենք ենք որոշելու՝ երբ հանրաքվե պետք է անենք, երբ չանենք»,- ասաց Փաշինյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: