Ոչ գույքն են վերադարձրել, ոչ մեր անձնական հեռախոսները, ոչ էլ խոսք կա կապարակնքած դռները բացելու մասին. Armat Media-ի խմբագիր

Aravot.am-ը Armat Media-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերադարձրել են իրենց անձնական և խմբագրությանը պատկանող գույքը, քանի որ Վերաքննիչ դատարանը Armat Media-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։

«Ոչինչ չեն վերադարձրել, մենք սպասում ենք Վճռաբեկ դատարանի որոշմանը: Այո, Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունը, բայց ոչ խմբագրության գույքն են վերադարձրել, ոչ մեր անձնական հեռախոսները, ոչ էլ խոսք կա կապարակնքած դռները բացելու մասին: Այսպես անորոշ շարունակում ենք սպասել»։

Աղավնի Սուքիասյան

Հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ խմբագրությունը վնասներ է կրում այդ ամենի արդյունքում, նա այսպես արձագանքեց. «Խմբագրությունը վնասներ է կրում, որովհետեւ մեր լրագրողներից յուրաքանչյուրն իր աշխատասենյակում ուներ իր սեղանը, հիմա բոլորը ստիպված հավաքված են մեկ տեղում, արդյունքում լրատվամիջոցի աշխատանքը կաթվածահար է եղել: Լրագրողների մի մասն էլ տանից է աշխատում, որովհետեւ նման պայմաններում հնարավոր չէ աշխատանքն այստեղից կազմակերպել: Նաեւ հայտնի չէ, թե երբ կբացեն կապարակնիքները»։

Նելլի Ավետիսյան

Armat Media-ի խմբագիրներից Նելլի Ավետիսյանը եւս նշեց, որ նման պայմաններում բարդ է աշխատանքը կազմակերպելը, դռները կապարակնքված են, եւ որեւէ առաջընթաց առայժմ չեն տեսնում։

Armat Media-ի փաստաբան Լիաննա Գասպարյանը նշել էր, որ կատարված գործողությունները որեւէ իրավական հիմք չէր պարունակել. «Ընտրություններից ընդամենը երկու օր առաջ՝ ընտրական այդ վճռորոշ փուլում, խափանեցին «Արմատ Մեդիա» լրատվականի գործունեությունը՝ սահմանափակելով ոչ միայն լրագրողները աշխատանքը, այլ հասարակության ազատ, բազմակողմանի և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կատարված խուզարկությունը ճանաչեց ապօրինի՝ արձանագրելով Ալեքսան Ալեքսանյանի իրավունքները խախտման փաստը»։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Armat Media լրատվական գործակալությունում քննչական գործողություններ էին ընթացել, խմբագրություն էին մուտք գործել առանց համազգեստի մի խումբ մարդիկ՝ ներկայացել ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ցույց տվել դատարանի որոշում այն մասին, որ իրավունք ունեն խուզարկելու Armat Media-ի խմբագրությունը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment