«Ցանկացած մատակարարում, որը Մոսկվան ստանում է, նպաստում է նոր խաղաղ բնակիչների սպանությանը». Կալասը Իրանին կոչ է արել դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել է, թե Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին կոչ է արել դադարեցնել Մոսկվային ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ «Ցանկացած մատակարարում, որը Մոսկվան ստանում է, նպաստում է նոր խաղաղ բնակիչների սպանությանը», – նշել է նա:

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ՝ քննարկելով Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի, որը Մոսկվան վերջին օրերին էլ ավելի է սրել։

Պարսից ծոցում մարտական գործողությունների դադարը կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ դիվանագիտությանը վերադառնալու ուղի գտնելու և լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելու համար։

Ես հստակ նշել եմ, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ ագրեսիան անընդունելի է։ ԵՄ բոլոր անդամ պետությունները դատապարտել են այդ գործողությունները։

Ոգևորիչ է, որ Անդրիյ Սիբիհան կապ է հաստատել Արաղչիի հետ՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Ես պատրաստ եմ աջակցել այդ ջանքերին։

Ես կրկին կոչ եմ արել Իրանին դադարեցնել Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը։ Մոսկվան Ուկրաինայում խաղաղ բնակիչների շրջանում գնալով ավելի մեծ թվով զոհեր է պատճառում, և ցանկացած մատակարարում, որը ստանում է, նպաստում է նոր խաղաղ բնակիչների սպանությանը։ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանվելու», – X-ի իր էջում գրել է Կայա Կալասը։։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment