ԱԴԾ-ն Պավել Դուրովին մեղադրել է «ահաբեկչությանը աջակցելու» մեջ և միջազգային հետախուզում հայտարարել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործունեությանը աջակցելու» հոդվածով (ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1.1 մաս)։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվում։

ԱԴԾ-ի վարկածով՝ մեսենջերի ադմինիստրացիան չի հեռացնում այն ալիքները, չաթերն ու բոտերը, որոնք «ուկրաինական հատուկ ծառայությունները, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններն» օգտագործում են Ռուսաստանում «դիվերսիոն-ահաբեկչական ակտեր, զանգվածային սպանություններ» և կիբեռխարդախություններ նախապատրաստելու համար։ ԱԴԾ-ում նշել են, որ դրա հետևանքով գրանցվել են «մարդկային բազմաթիվ զոհեր» և «բազմամիլիարդանոց» վնասներ։

Որպես օրինակ՝ ԱԴԾ-ն նշել է «Дайвинчик» չաթ-բոտը, որտեղ, նրանց տվյալներով, Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, աղջիկների անվան տակ, ծանոթացել են ռուսաստանցի երիտասարդների հետ և նրանց ներգրավել ահաբեկչական գործողություններում։ ԱԴԾ-ն պնդում է, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ՌԴ 16 տարածաշրջաններում ձերբակալվել է ծառայության 12-ից 22 տարեկան 46 օգտատեր, որոնք հարձակվել են ոստիկանների վրա և հրդեհումներ իրականացրել։

2025 թվականի վերջին «Дайвинчик / Leo — знакомства, общение и новые друзья» չաթ-բոտը ներառվել է Ռոսկոմնադզորի արգելված կայքերի միասնական ռեեստրում։ Պատճառն «այնպիսի տեղեկատվությունն է, որը դասվում է մանկական պորնոգրաֆիայի և ԼԳԲՏ-քարոզչության շարքին» և մինչ օրս հեռացված չէ, ընդգծել են ԱԴԾ-ում։ Իր հերթին Քննչական կոմիտեն հայտարարել է, որ հասնում է բոտի արգելափակմանը։

Դուրովը բնակվում է ԱՄԷ-ում. այս երկիրը հանձնում է Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող անձանց։ Հայրենիքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։

Ապրիլին Պավել Դուրովը պատմել էր, որ Ռուսաստանում գտնվող իր հին հասցեով իրեն ծանուցագիր են ուղարկել որպես «կասկածյալ»։ Դրանից առաջ՝ փետրվարի 24-ին, պրոպագանդիստական լրատվամիջոցները, հղում անելով ԱԴԾ-ին, հայտնել էին Telegram-ի հիմնադրի նկատմամբ «ահաբեկչական գործունեությանն աջակցելու» գործով հետաքննության մասին։ «Российская газета»-ն և «Комсомольская правда»-ն պնդում էին, որ պատերազմի սկզբից ի վեր Telegram-ը դարձել է «ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների և Կիևի ռեժիմի գլխավոր գործիքը», ինչպես նաև հղում էին անում այն տվյալներին, թե մեսենջերի կիրառմամբ Ռուսաստանում կատարվել է ավելի քան 153 հազար հանցագործություն, այդ թվում՝ բարձրաստիճան ինը զինվորականի սպանություն։

Դուրովն այս մեղադրանքները կապում էր Ռուսաստանի իշխանությունների՝ խոսքի ազատությունը սահմանափակելու և երկրում Telegram-ն արգելափակելու ձգտման հետ։ «Սեփական ժողովրդից վախեցող պետությունը տխուր տեսարան է», — ասել է նա։

News.am

Leave a comment