Կոնջորյանի մեղավորությունը փնտրելը տեղին չեմ համարում. Արսեն Թորոսյան

Այսօր ՔՊ վարչության արտահերթ նիստին քննարկվելու են ԱԺ հետագա անելիքները, ընտրվելու են հանձնաժողովների նախագահները:

Այս մասին լրագրողներին նիստից առաջ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նիստից առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին։ Նա ասաց, որ հարցին պետք է նայել երկու տեսանկյունից՝ իրավական և կուսակցական։

«Մենք հարցին պետք է նայենք երկու տեսանկյունից։ Տեսել եմ մամուլի հրապարակումները։ Նախ՝ քրեաիրավական մարմինները պետք է պարզեն եղելությունը, մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն։ Կուսակցական կարգապահության տեսանկյունից էլ ունենք կուսակցությունում գործող ինստիտուտներ։ Նման դեպքեր նախկինում էլ են եղել, երբ տարբեր պատճառներով կուսակցականների հեռացրել ենք կուսակցության շարքերից։ Այս երկու ուղղություններով պետք է առաջ գնանք։ Երբ կուսակցությունում լինեն որոշումներ, դրանք հայտնի կդառնան»,- ասաց Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե կուսակցականների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքը պետք է քննարկվի՞ կուսակցության ներսում, և հնարավո՞ր են արդյոք հեռացումներ կուսակցության շարքերից։

Թորոսյանը նշեց, որ տեղին չէ Հայկ Կոնջորյանի մեղավորություն փնտրելը։

«Հայկն այստեղ ինչ կապ ունի։ Ավետի մասով կլինե՞ն համապատասխան գործընթացներ։ Երբ արդյունք լինի, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք իր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում մնալու հարցը չի վերանայվի և չի քննարկվի, Թորոսյանը պատասխանեց, որ զարմանում է, թե ինչպես են այդ երկու հարցերը կապում միմյանց հետ։

«Եթե լինի մեղավորություն, քննիչներն ու դատախազները կլուծեն այդ հարցը։ Եթե որևէ կուսակցական խախտել է կանոնադրությունը, ըստ այդմ էլ կլինեն համապատասխան որոշումներ»,- ասաց նա։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment