Ալժիրի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրել
Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, երեքշաբթի երեկոյան իր պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Պետության չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան է դարձել ալերգոլոգ-բժիշկ, մայրաքաղաքն ընդգրկող Ալժիր նահանգից ընտրված պատգամավոր Խալիդա Բուֆեդեշը: Պարբերականը նշում է, որ նա երկրի անկախության ակունքներում կանգնած պատմական իշխանամետ «Ազգային ազատագրման ճակատ» (ԱԱՃ) կուսակցության անդամ է:
Ըստ աղբյուրի՝ ԱԱՃ-ն վերջին խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ տեղերը՝ 407-ից 91-ը: Ընտրողների մասնակցությունը կազմել է 21,24%, ինչն ամենացածր ցուցանիշն է պատմության մեջ։
Չնայած Ազգային ժողովրդական ժողովի ղեկավար է դարձել կին, ընդհանուր առմամբ ընտրություններն աչքի են ընկել պատգամավոր ընտրված կանանց ցածր ներկայացվածությամբ․ նրանք ընդամենը 25-ն են կամ 6,14%-ը։