Հայաստանի ըմբշամարտի հավաքականի (մինչև 17 տարեկան) գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին։
«Բաքվի մասին իմ կարծիքը շատ դրական է։ Կազմակերպումը շատ բարձր մակարդակի վրա է։ Ես երկար տարիներ մարզիչ եմ աշխատում, և չէի ասի, որ ամենուր մեզ այդպես են ընդունել։ Այստեղ ամեն ինչ հստակ կազմակերպված է՝ համակարգումը, մրցումների անցկացումը, ընդհանուր աշխատանքային գործընթացը։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է կազմակերպված։
Ես եղել եմ Բաքվում նաև 20 տարեկան հասակում։ Այն ժամանակ ես այստեղ հանդես էի գալիս որպես ըմբիշ։ Բայց այն ժամանակ ամեն ինչ բոլորովին այլ էր։ Հիմա Բաքուն զգալիորեն զարգացել է։ Կառուցվել են գեղեցիկ ճանապարհներ, ստեղծվել են մեծ այգիներ։ Ինձ քաղաքը շատ դուր եկավ։ Այս մարզադաշտն էլ է շատ գեղեցիկ։
Նրանք [երկրպագուները] մեզ վերաբերվեցին շատ բարյացակամ, ոչ ոք բացասական վերաբերմունք չդրսևորեց։ Երկրպագուները պաշտպանում էին ազնիվ ըմբշամարտն ու մաքուր սպորտը։ Դատավորների աշխատանքն էլ ամենաբարձր մակարդակի վրա էր։ Իմ կարծիքով, հենց դա է ամենակարևոր պահը»։
«Այս մարդուն ճանաչողներին խնդրում եմ իրեն փոխանցեք, որ այնտեղից, որտեղից իր մրցույթն է ընթանում, մի քանի քայլ այն կողմ գերության մեջ հայեր են տառապում, իսկ քիչ այն կողմի նախագահական նստավայրում էլ մեզ մեր հայրենիքի մի մասից զրկած մեկն է նստած, որ հիմա ևս ատամ է սրում մեզ վրա,- հարցազրույցին այսպես է արձագանքել ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։- Թող գոնե դա հաշվի առնի՝ մինչև գովեստներ շաղ կտա ադրբեջանցիների հասցեին… Չի կարելի, էլի, հասկացանք, որ սպորտսմեն եք, հասկացանք, որ քաղաքական գիծն եք սպասարկում, հասկացանք, բայց… մի քիչ ազգային արժանապատվություն ու հպարտություն դրսևորեք, էլի…»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: