ՊՆ–ից հերքել են զինծառայողին «դաժան ծեծի ենթարկելու» մասին լուրերը

Facebook–ում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից


ԵՐԵՎԱՆԱ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։


«Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից», – նշվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ 


Գերատեսչությունից ընդգծում են, որ նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ 


«Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով», – նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։


Ավելի ուշ ՊՆ մամուլի ծառայությունից հավելել են, որ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։


«Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա»,– նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment