ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում։ Ռուսական կողմը պնդում է, որ «ընթացիկ հետաքննության շրջանակում պարզվել է, որ վարակված կենդանիների կաթն օգտագործվել է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ»։ Այս մասին գրել է FIP-ը:

Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ թեև ռուսական կողմը դեռ չի տրամադրել ստուգումների պաշտոնական արդյունքները, սակայն ստուգումների ընթացքում «հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել»։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործված հումքը «անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ»։

ՌԴ սահմանափակումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին երկու տարիներին Հայաստանի կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ գնահատելու ոլորտի կախվածությունը ռուսական շուկայից և սահմանափակումների հնարավոր ազդեցությունը հայկական արտահանողների վրա։

ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ՝ ԸՍՏ ԱՊՐԱՆՔԱԽՄԲԵՐԻ

Պետական եկամուտնեի կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 3.5 հազար տոննա կաթ և կաթնամթերք, իսկ 2025 թվականին՝ շուրջ 2.4 հազար տոննա, ինչը նշանակում է, որ նախորդ տարի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 1․1 հազար տոննայով։

Արտահանման ծավալով ամենամեծ մասնաբաժինը կազմել են պանիրն ու կաթնաշոռը։

Թարմ կաթի և սերուցքի արտահանումը 2024 թվականին կազմել է 2.8 տոննա՝ 18.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 4.8 տոննա՝ 35.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Խտացված կաթի և կաթի փոշու արտահանումը 2024 թվականին կազմել է 39.7 տոննա՝ 87.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 204 տոննա՝ 886.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Թան, սերուցք, մածուն, կեֆիր ապրանքախմբի արտահանումը 2024 թվականին կազմել է 67.9 տոննա՝ 95.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 70.1 տոննա՝ 109.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 38․5 տոննա՝ 35.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 0.2կգ։

Կարագի և կաթնային ճարպերի (0405) արտահանումը 2024 թվականին կազմել է 1.6 հազար տոննա՝ 11.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 314.6 տոննա՝ 2.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Պանրի և կաթնաշոռի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 1․7 հազար տոննա՝ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 1․8 հազար տոննա՝ 16 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

News.am

Leave a comment