Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանի համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա գլխավոր խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունն է, որը Ռուսաստանը դիտարկում է որպես իր շահերի համար էկզիստենցիալ սպառնալիք՝ նույն կոնտեքստում, ինչ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դեպքում։

Factor TV-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանը փաստացի ուլտիմատում է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կայացնել հստակ որոշում։ «Գլխավոր խնդիրը, որ շատ վաղուց արդեն պարզ է, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության քաղաքականությունն է, որը, բնականաբար, կամ եթե նույնիսկ ոչ բնականաբար, դա մեր որոշելիքը չի, Ռուսաստանը համարում է իր համար սպառնալից ինչ-որ շրջադարձ։ Դա դիտարկվում է նույն կոնտեքստում, ինչ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի քաղաքականությունը։ Հայաստանը չի կարող միաժամանակ վարել այն քաղաքականությունը կամ շարժվել այն ուղղությամբ, ինչ շարժվում է, և պահպանել Ռուսաստանի հետ իր տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ստատուս քվոն։ Հայաստանը պիտի որոշում կայացնի»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործությանը՝ Գրիգորյանը նշեց, որ թեև իրավական ու բարոյական տեսանկյունից Հայաստանի դժգոհությունն արդարացված է, սակայն իշխանությունները սխալվում են ստրատեգիական հաշվարկներում՝ անտեսելով Ռուսաստանի օբյեկտիվ վիճակն այդ պահին։

«Մենք չպիտի մոռանանք, որ այդ ժամանակ Ռուսաստանն արդեն Ուկրաինայում պատերազմի մեջ էր, մինչև ականջները խրված։ Եթե նրանք նման քայլի դիմեին, երկրորդ ֆրոնտ բացելու խնդիր էր առաջանալու, և արդյո՞ք Ռուսաստանն այդ հնարավորությունն ու ռեսուրսներն ուներ։ Մենք շատ հաճախ մեր բանավեճերում, մեր խոսակցություններում կատեգորիայի սխալներ ենք անում։ Այսինքն, եթե մենք համարում ենք, որ ինչ-որ հարցում իրավական կամ բարոյական արդարացում ունենք մեր դիրքորոշումների, մեր բողոքների, մեր դժգոհությունների, հետևաբար դրան հաջորդող քայլերն ակնհայտ են, ուրիշ ոչինչ հնարավոր չէր անել, և դա արդարացված է ոչ միայն բարոյապես, իրավական առումով, այլ նաև ստրատեգիական առումով»,- պարզաբանեց նա։

Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է համեմատի ոչ թե եղած իրավիճակն իդեալականի հետ, այլ այն վիճակի, որը կստեղծվեր առանց ռուսական ներկայության։ «Մենք չենք համեմատում այն վիճակի հետ, թե ինչ տեղի կունենա, եթե այդ մի գործոնը հանենք մեջտեղից։ Դուք վստա՞հ եք, որ իրադրությունն ավելի լավն է լինելու կամ նույնն է լինելու, եթե 102-րդ բազան այստեղից դուրս գա։ 

Դուք վստա՞հ եք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումները մնալու են նույնը կամ ավելի բարեկամական են լինելու մեր նկատմամբ, եթե դուրս գա 102-րդ բազան կամ հայ-ռուսական դաշինքը խզվի»,- հարցադրում արեց քաղաքագետը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ «Թրամփի ուղի» նախագծի իրական նպատակը ոչ թե տնտեսական է, այլ ստրատեգիական՝ ուղղված Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանից դուրս մղելուն, ինչը հայտարարվում է բացահայտորեն։

Նա նաև անդրադարձավ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա բացահայտ կոնֆրոնտացիային՝ ընդգծելով, որ Իրանի նպատակն է ամերիկյան ռազմական ներկայությունը դուրս մղել տարածաշրջանից։ «Ենթադրել, որ ռուսները կամ Իրանը դրանից անտեղյակ են ու դրա նկատմամբ անտարբեր են, կամ մի երկու ինչ-որ բանավոր խոստում, թե դա ձեր շահերի դեմ չի, նրանց անհանգստությունները կմեղմի… Ես չեմ բացառում, որ ինչ-որ ֆորմուլա կարող է ստեղծվել, որը հաշվի կառնի և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերը»,- եզրափակեց Արման Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment