Ջոնսոնը, Բիլդտը և այլոք Կիևից Լեհաստան մեկնող գնացքում էին, որի ուղևորների մի մասը տարհանվել են
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Շվեդիայի նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը, Գերմանիայի կանցլերի խորհրդական Գյունտեր Զաուտերը և Բունդեստագի մի շարք պատգամավորներ, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Իտալիայից պաշտոնյաներ ու դիվանագետներ այսօր Կիևից Լեհաստան մեկնող հատուկ գնացքում էին, որի ուղևորների մի մասը ռուսական անօդաչու թռչող սարքի սպառնալիքի պատճառով տարհանվել են: Այդ մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով գերմանական Der Spiegel-ի հրապարակմանը:
Եվրոպացի գործիչները Կիևում մասնակցել էին YES անվտանգության համաժողովին:
Անօդաչուն հարվածել է մեկ այլ՝ այդ պահին Լեհաստանի սահմանին հատուկ գնացքից ավելի մոտ գտնվող Կիև-Վարշավա ուղևորատար գնացքի լոկոմոտիվին: Ուղևորները նախօրոք տարհանվել էին, տուժածներ չկան:
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հարվածը հասցվել է Լեհաստանի սահմանի անմիջական հարևանությամբ՝ սահմանից 2 կմ հեռու գտնվող կայարանում: «Ռուս բարբարոսները ձեր դարպասների մոտ են», – եվրոպացիներին է դիմել Սիբիհան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաստատել էր հարվածները Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքին: