Եթե Հայկ Կոնջորյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ, ուրեմն ՔՊ-ն հովանավորում է անպատժելիությունն ու չունի քաղաքական պատասխանատվության զգացում

Ընդամենը հաշված օրեր հետո տեղի կունենա ԱԺ անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվելու է խորհրդարանի ղեկավար կազմը։ Ավելի վաղ ՔՊ-ն «ժողովրդավարության» շղարշի ներքո ներկուսակցական ընտրություն էր կազմակերպել ու իբր ՔՊ-ականները ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էին Ռուբեն Ռուբինյանին, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Վահագն Ալեքսանյանին ու Հայկ Կոնջորյանին։

Տասնյակ տարիներ առաջ բոլորի կողմից մի շատ հարգված անձ, որն իրականում ուներ նաև գիտական վաստակ, պետք է ընտրվեր անչափ պատասխանատու պաշտոնի։ Նա իրոք արժանի էր այդ պաշտոնին, եթե չլիներ մի խանգարող հանգամանք։ Բացի նրանից, իր մյուս բոլոր եղբայրերը պարբերաբար հայտնվում էին Խորհրդային Միության տարբեր բանտերում, իսկ եղբայրներից երկուսն էլ օրենքով համարվում էին ռեցեդեվիստ։ Այդ ժամանակ խորհրդարանում հարց բարձրացվեց, արժե՞ արդյոք նրան վստահել այդ պաշտոնը, եթե նա չի կարողանում ազդել իր եղբայրների վարքածգի վրա, ինչպե՞ս կարող է որոշել մի ողջ հասարակության ճակատագիրը։ Թեպետ այնուամենայնիվ նա ընտրվեց այդ պաշտոնին, սակայն այդ հարցը երկար ժամանակ մնաց օդում առկախված (անունը չեմ նշում, քանի որ թե այդ պաշտոնյան, թե եղբայրները վաղուց մահացել են)։

Գրեթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև այսօր։ Կոնջորյան եղբայրներից մեկը հավակնում է ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ մյուսը պարբերական հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում։ Իհարկե իրավական առումով եղբայրները չեն կարող պատասխանատվություն կրել մեկը մյուսի համար, սակայն այստեղ առաջ է գալիս քաղաքական ու բարոյական պատասխանատվության պահը։ Ու ինչպես վերը նշված օրինակի դեպքում, կրկին առաջանում է նույն հարցը. եթե Հայկ կոնջորյանը չի կարողանում ազդել եղբոր վարքագծի վրա, ինչպե՞ս կարող է հավակնել ղեկավարելու օրենսդիր մարմինը։

Բացի դրանից, առաջանում է նաև քաղաքական միավորի քաղաքական պատասխանատվության հարցը։ Եթե իշխող ուժն անկախ ամեն ինչից, այնուամենայնիվ Հայկ Կոնջորյանին ընտրի ԱԺ փոխնախագահ, ապա նշանակում է, որ ՔՊ-ին հետաքրքրում է միայն խմբային շահը, իսկ մնացյալ ամեն ինչը, ներառյալ քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը, ընդամենը սենտիմենտալ հասկացություններ են, որոնց հետևելը ցանկալի է, բայց ոչ անհրաժեշտ։

Ավելին՝ դա նշանակում է, որ իշխող ուժը խրախուսում է հովանավորչությունն ու յուրայինների անպատժելիությունը։

Իսկ եթե որոշվի, որ Հայկ Կոնջորյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր մերձավոր ազգականի արարքների համար ու նրան չառաջադրի ԱԺ փոխնախագահի պաշտոնում, ապա կարող է աղոտ հույս առաջանալ, որ թեկուզ հանուն նեղկուսակցական շահի, բայց այնուամենայնիվ նշմարվում են ապագայի հանդեպ ինչ-որ հուսադրող էլեմենտներ։

Երբ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատները, ՔՊ-ականները հայտարարում էին, որ դա ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հորդորել, այլ ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Լավ հասկանալով, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարն իրավունք չունի հրահանգներ իջեցնելու օրենսդիր մարմին, նույն մոտեցումն ակնկալում ենք նաև հիմա։ Թող ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արգելի Հայկ Կոնջորյանին ընտրելու ԱԺ փոխնախագահ, այլ ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից հանրությունն այդպես էր որևէ «քյար» չունեցավ, հուսանք գոնե մի փոքր օգուտ կտա ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյան

Leave a comment