Օգոստոսի 1-ից սննդի առաքիչները պարտադիր պետք է սանիտարական գրքույկ ունենան

Օգոստոսի 1-ից խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքիչների նկատմամբ. պարտադիր պահանջ է դառնում սանիտարական գրքույկի առկայությունը։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ինչպես հայտնի է, դեռևս տարեսկզբին տեսչական մարմինը հայտարարել էր սննդի առաքման ոլորտում վերահսկողության խստացման մասին՝ հաշվի առնելով ստացված բազմաթիվ բողոքներն ու ահազանգերը։ Որոշվել էր, որ ոչ պատշաճ առաքման կամ առաքիչների նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում տնտեսվարողները տուգանվելու են։ Սակայն առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում որոշվել էր ժամկետ սահմանել շուրջ 2-3 հազար առաքիչների բուժզննության և սանիտարական գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար: Ժամկետն ավարտվել է, և տեսչական մարմինն ամբողջ ծավալով սկսելու է ստուգումներ իրականացնել։

«Կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը»,- հայտնում են տեսչական մարմնից։

Ընդգծում են՝ սննդի շղթայի ցանկացած փուլում՝ արտադրությունից մինչև իրացում, ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։

Sputnik Արմենիա

Leave a comment