ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները գաղտնի գործողություն են իրականացնում՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը և առողջական վիճակը պարզելու նպատակով։ Այդ մասին հայտնում է The Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ գործողության նպատակը ոչ թե նրա ֆիզիկական ոչնչացումն է, այլ հաստատումը, որ նա ողջ է, ինչպես նաև նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի գնահատումը։
The Times-ի փոխանցմամբ՝ հոր մահից հետո Մոջթաբա Խամենեին գրեթե ամբողջությամբ անհետացել է հանրային դաշտից։ Հաղորդվում է, որ նա չի օգտվում հեռախոսներից կամ համակարգիչներից, իսկ արտաքին աշխարհի հետ կապը, ենթադրաբար, պահպանում է միայն վստահված սուրհանդակների միջոցով։
Հրատարակության տեղեկություններով՝ հենց այդ միջնորդներին հայտնաբերելու վրա են այժմ կենտրոնացած ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ջանքերը։ Նշվում է, որ կիրառվում է մարտավարություն, որը հիշեցնում է ԿՀՎ-ի՝ Ուսամա բեն Լադենի հայտնաբերման գործողությունը, երբ հաջողության հասնելու գլխավոր գործոնը եղել էր սուրհանդակների ցանցի հետևումը։