Այսուհետ հնարավոր կլինի առանց աճուրդի ձեռք բերել «0»-ների և կրկնվող թվերի համադրությամբ ավտոմեքենաների համարանիշեր՝ 250 հազարից մինչև 8 մլն դրամ հաստատագրված գնով
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի առանց աճուրդի ձեռք բերել «0»-ների և կրկնվող թվերի համադրությամբ ավտոմեքենաների համարանիշեր՝ 250 հազարից մինչև 8 մլն դրամ հաստատագրված գնով։
Նոր կարգավորումները ներկայացվել են հուլիսի 28-ին Ներքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը ներկայացրել են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունները, դրանց հատկացման գները և ձեռքբերման ընթացակարգը։
Մարանդյանի խոսքով՝ քաղաքացիների շրջանում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածի մի կողմում «0» թվեր, իսկ մյուս կողմում մեկ կամ ավելի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը, որոնց առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական գործիքակազմ նախատեսված չէր։
2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։
Գևորգյանը պարզաբանել է, որ նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
Միևնույն ժամանակ, առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի Աճուրդային կարգը շարունակում է գործել։ Այդ համարանիշերի առանձնահատկությունն այն է, որ թվային հատվածի բոլոր հինգ նիշերը «0» են կամ հինգ նիշերից չորսը «0» են՝ այլ թվի համադրությամբ` միևնույն կամ տարբեր երկու լատինական տառերով։