Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կեսի բյուջետային ծախսերը, ըստ որոնց՝ Արցախի օկուպացված տարածքներում «վերականգնողական և վերակառուցողական» աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 1 միլիարդ 64 միլիոն մանաթ (շուրջ 625 միլիոն դոլար)։ Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ այս գումարը կազմում է ընթացիկ տարվա համար նախատեսված բյուջեի 30,4%-ը։
Բաքվի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ միջոցների առյուծի բաժինը՝ 974,1 միլիոն մանաթը, ուղղվել է ենթակառուցվածքային նախագծերին։ Մասնավորապես՝ 489,3 միլիոն մանաթ հատկացվել է ավտոճանապարհների կառուցմանը, 371,1 միլիոնը՝ նոր բնակելի համալիրներին, 67,6 միլիոնը՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներին, իսկ 15,9 միլիոն մանաթ՝ Շուշիում, Ստեփանակերտում (Խանքենդի) և Քաշաթաղում (Լաչին) ճոպանուղիների նախագծմանն ու շինարարությանը։ Բացի այդ, ֆինանսավորվել են էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, արդյունաբերական պարկերի, սոցիալական օբյեկտների կառուցման, ինչպես նաև տարածքների ականազերծման (45,3 մլն մանաթ) և ռազմական նշանակության օբյեկտների շինարարության (14,9 մլն մանաթ) աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պետբյուջեի առաջին կիսամյակի ծախսերը կազմել են միլիարդավոր մանաթներ, որոնցից 5,6 միլիարդն ուղղվել է աշխատավարձերին, իսկ 3,9 միլիարդը՝ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերմանը։
Սակայն այս պաշտոնական ռեպորտաժների ու չոր թվերի հետևում թաքնված է բոլորովին այլ իրականություն։
Առաջին հերթին ակնհայտ է դառնում, որ Բաքվի բռնապետական ռեժիմի համար Արցախը դարձել է պետական բյուջեից հսկայական միջոցներ դուրս գրելու և փողերի լվացման կատարյալ սխեմա։ «Վերականգնման» անվան տակ ծախսվող աստղաբաշխական գումարներով Իլհամ Ալիևը պարզապես խաբում է սեփական ժողովրդին։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անվերահսկելի շինարարական նախագծերի միջոցով ադրբեջանցի հարկատուների փողերը լվացվում են և ուղղվում դեպի իշխանական կլանի ու նրանց մերձավոր ընկերությունների օֆշորային հաշիվները։
Մյուս կողմից՝ ուշագրավ է, թե հատկապես ինչն է «վերականգնում» ադրբեջանական կողմը։ Երեք տասնամյակ շարունակ Արցախը շենացվել, կառուցապատվել ու զարգացել է համայն հայության, Սփյուռքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Այնտեղ ստեղծվել էին կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, էլեկտրակայաններ, ջրագծեր, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Այժմ Բաքուն պարզապես յուրացնում է հայկական միջոցներով ստեղծված նյութական ակտիվները, վերանվանում դրանք և ներկայացնում որպես սեփական «նվաճում»։
Երկրորդ կարևոր հարցադրումը վերաբերում է մշակութային եղեռնին, որն ընթանում է շինարարական աղմուկի տակ։ Մինչ ադրբեջանական կողմը խոսում է Շուշիում, Ստեփանակերտում ու Քաշաթաղում տուրիստական օբյեկտներ ու ճոպանուղիներ կառուցելու մասին, զուգահեռաբար հիմնահատակ ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Վերակառուցման պատրվակով քանդվում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, պատմական հուշարձաններն ու ամբողջական թաղամասերը։ Սա ոչ թե տարածքի վերականգնում է, այլ Արցախի բնիկ հայկական ինքնության ու պատմական հիշողության վերջնական ջնջում։
Բացի այդ, անհասկանալի է մնում, թե ում համար են կառուցվում այդ «բնակելի համալիրները»։ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիայի և էթնիկ զտման հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվել է, իսկ ավելի քան 120,000 արցախահայեր բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից։ Բաքվի կողմից ցուցադրվող «վերաբնակեցումը» կրում է ձևական բնույթ և ծառայում է բացառապես քարոզչական ու ֆինանսական աֆերաները ծածկելու նպատակներին։
Այս ամենի ֆոնին առավել քան մտահոգիչ է Հայաստանի գործող իշխանությունների լռությունը։ Մինչ Ադրբեջանն իր պետական բյուջեից միլիարդներ է հատկացնում օկուպացիան ամրապնդելու համար, Երևանը միջազգային ատյաններում չի բարձրացնում հայկական գույքի, պատմամշակութային կոթողների ոչնչացման և Սփյուռքի տասնամյակների ներդրումների փոխհատուցման հարցը։ Բաքվի հրապարակած թվերը ոչ թե տարածաշրջանի «զարգացման», այլ Արցախի հայկական հետքի վերջնական յուրացման ու ֆինանսական մեծ կոռուպցիայի պատկերն են։