Եղբայրները գրտնակով իրենց մորը զրկել էին կյանքից․ ազատության մե՞ջ են նրանք

Օրեր առաջ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկելու և կիսակառույց շինությունում նրա մարմինը թաղելու դեպքը։

 

Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։

 

Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։

 

Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

 

Հուլիսի 22-ին 25-ամյա և 20-ամյա եղբայրները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մատնանշած վայրում՝ հողաշերտի տակ, հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։

 

Մամուլում գրվեց, որ 25-ամյա եղբորն ազատ են արձակել, քանի որ պարզել են, որ նա դեպքի հետ կապ չունի, իսկ ահա դատարանը սպանությունը կատարող 20-ամյա տղային ազատ է արձակել առողջական խնդիրների պատճառով ու որոշել նրա բուժումը կազմակերպել բժշկակական կենտրոնում։

Մեր տեղեկություններով՝ գյուղում շրջանառվող վարկածի համաձայն՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ մայրը որդուն նկատողություն է արել ծխելու համար և հարվածել կրակխառնիչով։ Դրանից հետո երիտասարդը, ըստ հաղորդման, գրտնակով ծեծի է ենթարկել 56-ամյա մորը՝ հասցնելով մահվան։

 

MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից): «Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,- հայտնեցին ՔԿ-ից:

Մարիաննա Արամյան

Leave a comment