Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ

Ռուսաստանցիները սկսել են ավելի հաճախ բնակարան փնտրել Հայաստանում, իսկ Երևանում վարձակալության գները բարձրացել են։ Այս մասին գրում է Верстка-ն՝ հղում անելով տեղի անշարժ գույքի գործակալներին, գրում է Meduza-ն:

Անշարժ գույքի գործակալները հայտնել են, որ ռուսաստանցիների շրջանում բնակարանների «հսկայական պահանջարկ» է նկատվում, որոնք հիմնականում գնում են Երևան։ Նրանք իրավիճակը համեմատում են 2022 թվականի հետ՝ նշելով, որ վերջին երեք ամիսների ընթացքում Երևանում վարձակալության գներն աճել են շուրջ 30%-ով։

Верстка-ն արձանագրել է, որ ռուսական անշարժ գույքի որոնման հայտնի տելեգրամ ալիքներից մեկում ամեն օր հայտնվում են տասնյակ նոր հայտարարություններ այն անձանցից, ովքեր արդեն ժամանել են Հայաստան կամ ծրագրում են արտագաղթել աշնանը։

Yandex Wordstat-ի տվյալներով՝ «բնակարաններ Երևանում» որոնման հարցումների թիվը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հասել է 5200-ի։ 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ի ընթացքում էլ նման որոնումների ընդհանուր թիվը կազմել էր 5000, որը կտրուկ աճել է 2022 թվականի սեպտեմբերին մոբիլիզացիայի ժամանակ (գրեթե 10,000)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment