Ինչու Հայաստանը չէր ճանաչել Արցախը. Զախարովայի հայտարարության հետքերով

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՀԱՊԿ մեխանիզմների և Արցախի հարցի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը վերստին օրակարգ է բերել նախկին իրավաքաղաքական քննարկումները։

Թեման Բաքվից արժանացել է կոշտ և անհամաձայն արձագանքի։

 

Մոսկվան փաստում է, որ ՀԱՊԿ անվտանգային մեխանիզմները չէին կարող գործարկվել, քանի որ Հայաստանը պաշտոնապես չէր ճանաչել Արցախի անկախությունը Մինչդեռ Ադրբեջանը պնդում է, թե ռուսական կողմի այս մոտեցումը հակասում է Մոսկվայի նախկին պաշտոնական դիրքորոշմանը։ Այս զարգացումների ֆոնին ուշագրավ է վերհիշել, թե ինչ իրավական հիմքերով է կառուցված եղել բանակցային գործընթացը և ինչու է թեման կրկին ակտիվացել

 

«Չեմ կարող ասել, թե ինչու հենց հիմա Ռուսաստանը անդրադարձավ այս թեմային, բայց Հայաստանի Հանրապետությունը չէր ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպեսզի չտորպեդահարեր բանակցային գործընթացը, քանի որ 1998 թվականից ի վեր բանակցությունների սեղանին դրված առաջարկություններն Արցախի Հանրապետության ժողովրդին ընձեռում էին ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմներ»,- MediaHub-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

Մոսկվայի հայտարարությանն անհապաղ արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պնդելով, թե ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը «աղավաղում են իրականությունը»։

 

Բաքվի ներկայացուցչի խոսքով՝ «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս» Ըստ Հաջիզադեի՝ տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցն օրակարգում պահելու փորձերը և դա Հայաստանի կողմից ճանաչման կամ չճանաչման հետ կապելն անհիմն են ու հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։

 

Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Զախարովայի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն ՀԱՊԿ իրավական պարտավորությունների, այլ նաև բանակցային գործընթացի ամբողջական համատեքստում։ Նրա խոսքով՝ ժամանակի միջազգային միջնորդները բանակցությունները կառուցում էին այն հիմնարար տրամաբանությամբ, որ Արցախի վերջնական իրավական կարգավիճակը դեռևս հստակեցման ենթակա էր։

 

«Եթե բանակցային գործընթացին նայենք, կտեսնենք, որ ռուսական կողմը դեռ վաղուց անդրադարձել էր ապագա կարգավիճակի հարցին Եթե երեք գերտերություններ առաջարկում են ապագա կարգավիճակի որոշման բանաձև, դա նշանակում է, որ նրանք ընդունում էին, որ այդ տարածքի ապագա իրավական կարգավիճակը դեռ հստակեցման ենթակա էր»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment