«Աշխարհում հետաքրքրություն կա Հայաստանում ներդրումներ անելու, բայց հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլ հասցնելու»․ Ջեյ Դի Վենս

Ամերիկացի լրագրողն այսօր հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ քննարկե՞լ ենք Իրանի ու տարածաշրջանի իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը խաղաղաբեր համագործակցություն է և այդպիսին կլինի միշտ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ԱՄՆ հետ հարաբերություններում բարձրագուն կետում են։ Այն օրակարգը, որը նշվել է, դրա իրականացումն անգամներով ընդլայնելու է համագործակցության շրջանակը։ «Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել, բայց կարևոր է արձանագրել, որ մենք հիմա ռազմական գործընկերության կոնկրետ արտահայտություններ կարող ենք ցույց տալ, որոնց շեշափելի են, տեսանելի են»,- նշեց նա։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, անդրադառնալով «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ հարցերին, ասաց, որ ներդրումների համար շատ գործընկերների հետ են խոսել՝ և աշխարհում, և այս տարածաշրջանում։ «Սա բավականին բարգավաճ միջավայր է։ Մենք այսօր շատ խոսեցինք, թե ինչպես կարող ենք արագացնել գործերի ընթացքը։ Պարոն վարչապետը նույնպես շահագրգռված է, որ շատ արագ շարժվենք, քանի որ տնտեսական բարգավաճման ու խաղաղության համար է։

Իհարկե, ԱՄՆ-ն դրական ու կառուցողական դեր է խաղում, բայց իմ կարծիքով փողը չէ խնդիրը։ Շատ հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն կա աշխարհով մեկ, մարդիկ համոզված են, որ կարող են Հայաստանում ներդնելով՝ բավականին շահույթ ստանալ։ Այստեղ հիմնական հարցն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հետագա հաջորդ փուլ հասցնելու, որ գանք մի իրավիճակի, որ պարոն վարչապետը կարողանա ապագայի վրա կենտրոնանալ։ Գիտենք, այստեղ ընտրություններն են օրակարգում շուտով, նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն հաստատել։ Մեկ գիշերվա մեջ չի լինելու, բայց կարող ենք ասել՝ օգոստոսի 8-ից մինչ օրս շատ մեծ առաջընթաց արդեն արձանագրել ենք»,- նշեց նա։

Անդրադառնալով Իրանի հետ բանակցություններին՝ Վենսն ասաց․ «Մեր նախագահը շատ ջանասիրաբար աշխատում է, որպեսզի մեզ համար փոխշահավետ համաձայնության գանք։ Եթե իրանցիները համաձայնեն, լավ վերջակետի կհասնենք։ Մենք հիմա կենտրոնանում ենք ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրանում ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնություններին անդրադառնալով՝ Վենսն ասաց․ «Մեր նախագահը շատ խիստ պահանջ է առաջ քաշել, որ եթե կան բանտարկյալներ, պետք է ազատ արձակել։ Մեր նախագահն ասել է՝ մենք Իրանի խաղաղ ցուցարարների կողքին ենք, մենք իրենց սատարում ենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment