Ֆրանսիայում և Իսպանիայում փրկարարական ծառայությունները շարունակում են բարձր պատրաստվածության վիճակում մնալ՝ տասնամյակների ընթացքում ամենաավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք բռնկվել են հարավարևմտյան Եվրոպայում նոր շոգի ալիքի ֆոնին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ երկրի հարավարևմտյան մասում հրդեհները «վերահսկողության տակ են»: Բորդոյի մոտակայքում, սակայն, կրակը վերահսկողությունից դուրս է մնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ֆրանսիայի առաջնորդն այցելել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ճգնաժամային կենտրոն:
«Առաջիկա շաբաթները դժվար են լինելու»,- ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ սրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Ֆրանսիայում բռնկված ամենաուժեղ անտառային հրդեհներն են։
Հուլիսի 22-ից ի վեր Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածաշրջանում անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 42,000 հեկտար տարածք։ Երկուշաբթի օրը կրակը շարունակել է տարածվել, և 220,000 մարդ տարհանվել է անվտանգ վայրեր։ Երկրով մեկ անտառային հրդեհները այս տարի արդեն ոչնչացրել են 116,000 հեկտար տարածք։
Մինչդեռ, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, ըստ AFP-ի, պատմության մեջ առաջին անգամ գրանցվել են ամպրոպային «հրդեհային ամպեր»: Oդը այնքան ինտենսիվ է տաքանում, որ արագ բարձրանում է ծխի, ջրային գոլորշու և մոխիրի հետ, հաճախ մեծ բարձրությունների՝ նույնիսկ հասնելով ստրատոսֆերա: Երբ դրանք բախվում են ավելի զով օդային զանգվածների հետ, առաջանում են ուժեղ քամիներ, որոնք էլ ավելի են տարածում բոցերը: Այս ամպերը հաճախ առաջացնում են կայծակ:
Նմանատիպ երևույթ նախկինում նկատվել է Ավստրալիայում և Կանադայում տեղի ունեցած զանգվածային հրդեհների ժամանակ: Ֆրանսիայի համար սա «աննախադեպ է», ասել է հրշեջ ծառայության խոսնակ Էրիկ Բրոկարդին: Նա բացատրել է, որ հրդեհային փոթորիկները, մեծ մասամբ, գրեթե անհնար է մարել կամ վերահսկել, մասամբ այն պատճառով, որ քամին անընդհատ փոխում է ուղղությունը: «Արդյունքում, դրանք տարածվում են բոլոր ուղղություններով և ձևավորում են բազմաթիվ հրդեհային ճակատներ, ինչը իրավիճակը դարձնում է լիովին անկանխատեսելի», – բացատրել է նա:
ԵՄ աղետների արձագանքման մեխանիզմի շրջանակներում եվրոպական երկրները, այդ թվում՝ Բրյուսելը, Ֆրանսիային և Իսպանիային տրամադրում են 13 ինքնաթիռ, չորս ուղղաթիռ և 41 մեքենա, ինչպես նաև տեղակայում են մոտ 130 փրկարար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։ Գերմանիան նույնպես մասնակցում է գործողությանը։
Երկու երկրներն էլ ստանում են արբանյակային պատկերներ ԵՄ-ի «Կոպեռնիկոս» Երկրի դիտարկման ծրագրի միջոցով՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար: KNA լրատվական գործակալության տվյալներով՝ երկու երկրներում էլ տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300,000-ը՝ Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ տարհանումներից մեկը։
Տասը երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Նորվեգիան և Ուկրաինան, միացել են ԵՄ մեխանիզմին: Եվրոպական հանձնաժողովը համակարգում է օգնության առաջարկները և համաֆինանսավորում գործողությունները: ԵՄ-ն կարող է նաև ներգրավել 22 ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ rescEU ռազմավարական պահուստից:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի