ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների նոր չափորոշիչները։
Ըստ այդմ՝ նախատեսվել են այնպիսի չափորոշիչներ, երբ համարանիշի մի կողմում՝ դա կլինի երկու նիշ թե երեք նիշ (թվերի մասին է խոսքը), միշտ զրոներ են, ֆիզիկական անձանց պարագայում՝ 2 զրո, իրավաբանական անձանց պարագայում՝ 3 զրո: Լատինական տառերը կարող են լինել նույնը, կրկնվող կամ տարբերվող, իսկ թվերից կա՛մ նույն թիվը կրկնվում է, ասենք՝ 3 հատ «1», կա՛մ 3 թվերից 2-ն է կրկնվում՝ ասենք՝ «121», այսինքն՝ 3 թվերից 2-ն է կրկնվում:
«Եթե ամփոփենք այս համադրությունը, ապա միշտ մի կողմում զրոներ են, լատինատառերը կրկնվում կամ տարբերվում են, մյուս կողմում 3 թվերի պարագայում կա՛մ նույն թիվը 3 անգամ կրկնվում է, կա՛մ թիվը կրկնվում է 2 անգամ՝ 1 տարբերվող թվի համադրությամբ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարմարանիշների գներին, ապա գնային սեգմենտը 250 հազարից 8 մլն դրամի միջակայքում է: Ռուսլան Մարանդյանը հիշեցրեց՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների նվազագույն շեմը սկսվում է 60 հազար դրամից և ավարտվում է 8 միլիոնով:
«Սա նշանակում է, որ ՆԳ նախարարի հրամանի առումով բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել: Մենք ավելացրել ենք այս սեգմենտներում՝ Կառավարության որոշմամբ, հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250 հազարից 8 միլիոնի միջակայքում»,-ասաց նա, ապա պարզաբանեց, որ, օրինակ, ֆիզիկական անձին տրամադրվող 250 հազար դրամի սեգմենտում այսպիսի համադրություն է ավելացվել՝ «00 +- XXY», որի մեջ «0»-ն համարն է, «+-»-ը՝ տարբերվող լատինական տառերը, իսկ «XXY»-ը՝ նույն ու տարբերվող թվերը, օրինակ՝ սա «00 AB 771» համադրությունն է: Իսկ 600 հազար դրամանոց համարանիշ է «XX +- 000»-ն:
Ըստ ՆԳՆ իրավաբանական վարչության պետի՝ խոսքը վերաբերում է հաշվառման այն համարանիշներին, որոնք պարունակում են 7 նիշ, հետևաբար սա մոտոցիկլետներին չի վերաբերում:
«Սա այն տրանսպորտային միջոցների համար է, որոնց համարանիշների համար նախատեսված է 7 թիվ՝ 5 թիվ, 2 տառ»,- ասաց նա: