ԱՄՆ-ն և Իրանը ընդլայնել են ոչ պաշտոնական շփումների օրակարգը՝ ներառելով Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ստեղծված իրավիճակի քննարկումը։ Այդ մասին հայտնում է The National-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրի։
Աղբյուրի խոսքով՝ «կուլիսների հետևում ընթանում է հաղորդագրությունների փոխանակման հերթական փուլը, որը կենտրոնացած է բացառապես Հորմուզի նեղուցի և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակի վրա»։
Հաղորդվում է, որ Վաշինգտոնը փորձում է հասնել այնպիսի լուծման, որի դեպքում կդադարեցվեն այս երկու ռազմավարական ջրային ուղիներով նավերի վրա հարձակումները։ Փոխարենը Թեհրանը ձգտում է ստանալ հունիսյան հուշագրով խոստացված զիջումները, այդ թվում՝ նավթի վաճառքի հնարավորությունների վերականգնում և պատժամիջոցների փուլային մեղմացում։
The National-ը նաև նշում է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավագնացությունը 56 տոկոսով կրճատվել է այն բանից հետո, երբ Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել էր Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։
Պարբերականի տվյալներով՝ Պակիստանի դերն այս գործընթացում դուրս է եկել սովորական միջնորդության շրջանակներից՝ անցյալ տարվա սեպտեմբերին Էր Ռիադի հետ ստորագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագրից հետո։ Աղբյուրը նշել է, որ Իսլամաբադը «չի կարողանա անմասն մնալ, եթե Սաուդյան Արաբիան դիմի օգնության» Կարմիր ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցում, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի պակիստանյան ռազմածովային ուժեր ուղարկել տարածաշրջան։
Հուլիսի 20-ին «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել էր Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային նավագնացության արգելքի մասին։ Ի պատասխան՝ հուլիսի 21-ին Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել էր Բաբ էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավերի պաշտպանության միջոցառումների մեկնարկի մասին։
Ավելի ուշ հութիները հայտարարել էին, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցրել սաուդյան երկու նավթատար տանկերի՝ որպես պատասխան իրենց հայտարարած ծովային շրջափակման խախտմանը։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել էին Encelia նավթատարի հարվածի ենթարկվելու փաստը՝ նշելով, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։
Դրան ի պատասխան արաբական կոալիցիան հարվածներ էր հասցրել Եմենի Հոդեյդա նահանգում գտնվող հութիների ռազմական օբյեկտներին։ Հուլիսի 25-ին հութիները հայտարարել էին նաև հրթիռներով և անօդաչու սարքերով Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերության Ջիզան և Յանբու նավահանգստային քաղաքներում գտնվող նավթագազային օբյեկտների վրա հարձակումների մասին։