Կիբեռբուլինգ, AI և սոցցանցեր. ինչ վտանգների են բախվում հայ դեռահասները, և ինչպես կարող են ծնողները պաշտպանել նրանց

Ինչպես կանխարգելել, բացահայտել և պաշտպանել երեխային կիբեռբուլինգի․ փորձագետների հետ զրուցել ենք այս կարևորագույն խնդրի մասին


ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/. Սմարթֆոնը վաղուց դարձել է երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Հայաստանում երեխաների մեծ մասը սմարթֆոն ունի դեռևս տարրական դասարաններում, իսկ սոցցանցերից օգտագործվում են TikTok-ը, Instagram-ը, Telegram-ը, YouTube-ը և այլն։


Սակայն թվային աշխարհի հնարավորությունների հետ մեկտեղ աճում են նաև վտանգները՝ կիբեռբուլինգից մինչև արհեստական բանականության միջոցով իրականացվող շանտաժ ու կեղծ բովանդակության ստեղծում։


Փորձագետները նշում են, որ խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ թաքնված․ շատ երեխաներ, որոնք դառնում են առցանց բռնության զոհ, պարզապես լռում են՝ վախենալով ծնողների արձագանքից կամ ամաչելով պատմել տեղի ունեցածի մասին։ Արդյունքում դեպքերի զգալի մասը երբեք չի հասնում ո՛չ դպրոց, ո՛չ իրավապահ մարմիններին, ո՛չ էլ մասնագետներին։


Կիբեռբուլինգը հաճախ մնում է անտեսանելի


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կիբեռբուլինգը կարող է ունենալ ամենատարբեր դրսևորումներ՝ վիրավորանքներից ու նվաստացնող հրապարակումներից մինչև անձնական լուսանկարների տարածում և սեռական բնույթի հետապնդում։


«Ամենամեծ խնդիրն այն է, որ կիբեռբուլինգը լուրջ ուսումնասիրված չէ, որովհետև երեխաների մեծ մասը դրա մասին ընդհանրապես ոչ ոքի չի հայտնում»,- նշում է նա։


Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առցանց սեռական հետապնդման ենթարկված երեխաների շուրջ երկու երրորդը կամ ոչ ոքի չի պատմում այդ մասին, կամ միայն վստահում է մտերիմ ընկերոջը։


«Արդյունքում նման դեպքերի զգալի մասը երբեք չի հայտնվում պաշտոնական վիճակագրության մեջ», – նշում է Մարտիրոսյանը։


Փորձագետը նաև ընդգծում է, որ «վտանգավոր» կամ «անվտանգ» սոցցանցեր գրեթե չկան։


«Ռիսկերը կախված են առաջին հերթին այն բանից, թե որքան տեղեկացված է երեխան, և որքանով են ծնողները ճիշտ կարգավորել անվտանգության գործիքները», – նշում է փորձագետը։


Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ոչ միայն սոցցանցերին և մեսենջերներին, այլև խոշոր առցանց խաղային հարթակներին, որտեղ երեխաները նույնպես շփվում են անծանոթների հետ։


AI-ը մեծացնում է ռիսկերը


Վերջին տարիներին նոր մարտահրավեր է դարձել արհեստական բանականության կիրառումը։ Եթե նախկինում հրապարակված լուսանկարները հիմնականում օգտագործվում էին կեղծ էջեր ստեղծելու համար, ապա այսօր արհեստական բանականության գործիքներով հնարավոր է մի քանի լուսանկարների հիման վրա ստեղծել տեսանյութեր, ձայնի նմանակումներ և իրականությունից գրեթե չտարբերվող պատկերներ։ Դա նշանակում է, որ երեխաների հրապարակած ցանկացած լուսանկար տեսականորեն կարող է օգտագործվել կեղծ բովանդակություն ստեղծելու համար՝ նույնիսկ առանց նրանց գիտության։


«Ամենաանվնասն այն է, որ ուղղակի ինչ–որ կեղծ օգտատեր է ստեղծվում մարքեթինգային նպատակներով։ Երեխան կարող է դրա մասին չիմանալ։ Բայց կարող է հենց երեխայի կլոնը ստեղծվել և օգտագործվել իր դեմ», – պարզաբանում է Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ դա կարող է արվել երեխային անձնապես թիրախավորելու, շանտաժի համար։


Մյուս՝ շատ ավելի ծայրահեղ տարբերակը, ըստ փորձագետի այն է, երբ մանկապիղծները DarkNet–ում են օգտագործում երեխաների լուսանկարները։


«Գեներացվում են մանկական պոռնոգրական նյութեր։ Իհարկե, այս տարբերակն այդքան էլ տարածված չէ, շատերը նույնիսկ չեն իմանում դրա մասին, որովհետև դա արվում է քողարկված հարթակներում», – նշում է փորձագետը։


Մարտիրոսյանը ծնողներին խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ հրապարակել երեխաների լուսանկարներն ու տեսանյութերը, քանի որ հրապարակվելուց հետո դրանց հետագա օգտագործումը վերահսկելն արդեն գրեթե անհնար է։


Երեխան պետք է չվախենա պատմել


Մանկական հոգեբան Նինա Պետրոսյանի համոզմամբ՝ կիբեռբուլինգի դեմ պայքարի ամենակարևոր գործիքը ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ ընտանիքում ձևավորված վստահությունը։


Նրա խոսքով՝ ծնողները պետք է այնպես կառուցեն հարաբերությունները, որ երեխան որևէ սպառնալիքի կամ ճնշման դեպքում առաջին հերթին դիմի հենց իրենց։


«Պետք է հանգիստ լսել երեխային, չմեղադրել, չամաչեցնել, այլ ցույց տալ, որ անկախ կատարվածից՝ ծնողն իր կողքին է»,- ասում է հոգեբանը։


Նա խորհուրդ է տալիս դեռ փոքր տարիքից երեխաներին սովորեցնել երբեք չկիսվել անձնական տվյալներով, գաղտնաբառերով կամ լուսանկարներով անծանոթ մարդկանց հետ և պարբերաբար քննարկել համացանցում անվտանգ վարքագծի կանոնները։


Վստահությունն ավելի արդյունավետ է, քան արգելքները


Մանկական հոգեբան Օֆելյա Ասատրյանի կարծիքով՝ հեռախոսն արգելելը կամ երեխայից վերցնելը խնդրի լուծում չէ։ Ընդհակառակը, կոշտ սահմանափակումները հաճախ միայն խորացնում են կոնֆլիկտը և ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում համացանցի նկատմամբ։


«Երեխան ունի անձնական տարածքի իրավունք, ուստի հեռախոսի գաղտնի ստուգումը կարող է վնասել ծնող–երեխա հարաբերություններին։ Եթե ծնողի մոտ կասկածներ կան, ավելի ճիշտ է բաց խոսել երեխայի հետ, հասնել փոխադարձ վստահության և միայն նրա համաձայնությամբ քննարկել հեռախոսի պարունակությունը», – նշում է Ասատրյանը։


Հոգեբանը շեշտում է, որ նման վստահությունը հնարավոր չէ ձևավորել մեկ օրում. այն կառուցվում է վաղ մանկությունից՝ երեխային լսելու, չդատապարտելու և նրա գաղտնիքները հարգելու միջոցով։


Երբ առցանց ճնշումը վերածվում է հոգեբանական խնդրի


Մասնագետների խոսքով՝ կիբեռբուլինգը միայն տեխնիկական կամ տեղեկատվական անվտանգության խնդիր չէ։


Նինա Պետրոսյանը նշում է, որ նման իրավիճակներում երեխան կարող է դառնալ անհանգիստ, վախեցած, սկսել թաքցնել հեռախոսը, ստել կամ խուսափել շփումներից։


Օֆելյա Ասատրյանը հավելում է, որ հատկապես անձնական լուսանկարների տարածման դեպքերում ծանր հարվածի տակ է հայտնվում դեռահասի ինքնագնահատականը։


«Եթե այդ պահին ծնողները երեխային չեն աջակցում և նրան մեղադրում են, հոգեբանական հետևանքները կարող են ավելի խորանալ՝ հանգեցնելով մեկուսացման և ինքնամփոփ վարքի», – նշում է Ասատրյանը։


Դպրոցն ու ուսուցիչները՝ կանխարգելման առաջին օղակում


Կիբեռբուլինգի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարման գործում կարևոր դեր ունեն նաև դպրոցն ու ուսուցիչները։ Թեև առցանց ճնշումը հաճախ տեղի է ունենում դպրոցից դուրս, դրա մասնակիցները հիմնականում նույն դասարանի կամ կրթական միջավայրի երեխաներն են, իսկ հետևանքներն արտահայտվում են նաև դպրոցում՝ մեկուսացմամբ, առաջադիմության անկմամբ, անհանգստությամբ կամ հասակակիցների հետ հարաբերությունների վատթարացմամբ։


Նինա Պետրոսյանի խոսքով՝ ուսուցիչները պետք է ուշադիր լինեն երեխայի վարքագծային փոփոխությունների նկատմամբ, պարբերաբար քննարկեն կիբեռբուլինգի թեման դասղեկի ժամերին և անցկացնեն անանուն հարցումներ։


«Այս ամենը կարող է օգնել բացահայտել այն դեպքերը, որոնց մասին երեխաները վախենում կամ ամաչում են բաց խոսել», – նշում է Պետրոսյանը։


Օֆելյա Ասատրյանը ևս ընդգծում է դպրոցի հոգեբանի և մանկավարժների իրազեկման կարևորությունը։


Նրա խոսքով՝ կիբեռբուլինգի ձևերի, թվային անվտանգության և առցանց վտանգներից պաշտպանվելու մասին պետք է խոսել ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ՝ ծնողական ժողովների և իրազեկման հանդիպումների ընթացքում։


Միաժամանակ մասնագետները կարևորում են գաղտնիության պահպանումը։


«Եթե երեխան դարձել է կիբեռբուլինգի զոհ, դեպքը չպետք է վերածվի դպրոցում հանրային քննարկման, քանի որ դա կարող է խորացնել նրա ամոթի, վախի և մեկուսացման զգացումը», – նշում են հոգեբանները։


Կիբեռբուլինգից դեպի սոցցանցերի ավելի լայն ազդեցություն


Սակայն կիբեռբուլինգը սոցցանցերի հետ կապված խնդիրների միայն մի մասն է։ Նույնիսկ առցանց հետապնդման բացակայության դեպքում սոցցանցերի երկարատև և անվերահսկելի օգտագործումը կարող է ազդել դեռահասների ինքնագնահատականի, վարքի և իրական շփումների վրա։


Դեռահասները ժամերով համեմատում են իրենց արտաքինն ու կյանքը համացանցում տեսած «իդեալական» պատկերների հետ, ավելի զգայուն են դառնում հավանումների և մեկնաբանությունների նկատմամբ, իսկ առցանց շփումը հաճախ սկսում է փոխարինել իրական հարաբերություններին։ Եթե դրան գումարվում է նաև կիբեռբուլինգը, հոգեբանական ճնշումը կարող է բազմապատկվել։


Մասնագետները նշում են, որ երեխային համացանցից ամբողջությամբ զրկելը ոչ արդյունավետ է, ոչ էլ իրատեսական։ Ավելի կարևոր է ձևավորել առողջ թվային սովորություններ՝ սահմանել էկրանի օգտագործման ողջամիտ ժամանակահատված, խրախուսել սպորտը, զբոսանքները, ճամբարները, ստեղծագործական խմբակները և կենդանի շփումը հասակակիցների հետ։

Ի՞նչ կարող են անել ծնողները․ 7 քայլ՝ երեխային կիբեռբուլինգից պաշտպանելու համար

  1. Մի մեղադրեք։
  2. Լսեք մինչև վերջ։
  3. Սովորեցրեք գաղտնաբառերի անվտանգությունը։
  4. Մի հրապարակեք երեխայի բոլոր լուսանկարները։
  5. Մի արգելեք, այլ խոսեք։
  6. Օգտագործեք parental control։
  7. Եթե կա սպառնալիք՝ դիմեք դպրոցին և ոստիկանությանը։


Ինչպես նշում է Սամվել Մարտիրոսյանը, թվային անվտանգությունը հնարավոր չէ ապահովել մի քանի պարզ կանոնով։


Նրա համոզմամբ՝ դա շարունակական ինքնակրթման գործընթաց է, որը վերաբերում է և՛ երեխաներին, և՛ ծնողներին, իսկ դպրոցները պետք է մեդիա և թվային գրագիտությունը դարձնեն կրթական ծրագրերի անբաժանելի մաս։


Ամփոփում


Թվային աշխարհից երեխաներին մեկուսացնել հնարավոր չէ և պետք էլ չէ։ Բայց հնարավոր է անել այնպես, որ առաջին վտանգի դեպքում նրանք չլռեն, չվախենան և առաջին հերթին դիմեն հենց ծնողներին։ Փորձագետների կարծիքով՝ այսօր երեխային պաշտպանելու ամենաուժեղ միջոցը ոչ թե նոր հավելվածն է կամ հերթական արգելքը, այլ վստահությունը, բաց երկխոսությունը և թվային գրագիտությունը։

Leave a comment