Արվեստ, կրթություն և խաղ՝ մեկ վայրում. «Արամ Խաչատրյան» համերգասրահի առաջին «Ամառային ճամբար»-ը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 6-ին մեկնարկեց նոր նախաձեռնություն, որը խոստացավ երեխաների ամառը դարձնել ոչ միայն հետաքրքիր, այլ բովանդակալից։ Առաջին անգամ կազմակերպված «Ամառային ճամբար»-ը 8–12 տարեկան երեխաների համար ստեղծեց մի յուրահատուկ միջավայր, որտեղ դասական երաժշտությունը, արվեստը, կրթությունն ու խաղը միավորվեցին մեկ ծրագրում։ Ճամբարն իր գործունեությունը կշարունակի մինչև հուլիսի 31-ը:

Նախօրեին Aravot.am –ը հանդիպեց այս միջոցառման ղեկավարների՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Անի Մանուկյանի ու արխիվի բաժնի ղեկավար Ելենա Խոդիկյանի հետ:

«Ավելի քան 20 ճամբարային օրերի ընթացքում մասնակիցները դարձան համերգասրահի առօրյայի մի մասը՝ բացահայտելով այն ոչ միայն որպես համերգների անցկացման վայր, այլ որպես մշակութային հարուստ պատմություն ունեցող կենտրոն։ Շրջայցերի ընթացքում երեխաները ծանոթացան «Արամ Խաչատրյան» համերգասրահի ստեղծման պատմությանը, նրա նշանակությանը և 101-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անցած ուղուն»,-ասաց Անի Մանուկյանը:

Ելենա Խոդիկյանն էլ հավելեց,- «Ճամբարի ամենատպավորիչ պահերից մեկը նվագախմբի փորձերին մասնակցելն էր։ Երեխաները հնարավորություն ունեցան լսելու կենդանի կատարումներ, ճանաչելու նվագախմբի երաժշտական գործիքները և անմիջականորեն շփվելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների հետ։ Այդ հանդիպումները շատերի համար դարձան դասական երաժշտության աշխարհը բացահայտելու առաջին քայլը»:

Մեր զրուցակիցները հավաստիացրին, որ ծրագիրը հագեցած է նաև ստեղծագործական ու կրթական դասընթացներով։ Օրինակ՝ «Բարեկամություն» պարային համույթի արտիստների ղեկավարությամբ երեխաները սովորեցին հայկական ավանդական պարեր՝ ծանոթանալով ազգային մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկին։

Դերասանուհի և ռեժիսոր Լիլի Էլբակյանի հետ նրանք բացահայտել են թատրոնի աշխարհը՝ հայտնի հեքիաթների հիման վրա բեմադրելով փոքրիկ ներկայացումներ, իսկ Աղասի Մելքոնյանի վարպետությամբ յուրացրել՝ տիկնիկագործության հետաքրքիր հմտությունները։

Պարզաբանեցինք, որ ճամբարի օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ընթերցանությունը, առողջ սննդի մշակույթի ձևավորումը, երաժշտությունից ներշնչված ստեղծագործական նկարչությունը, ինչպես նաև հայկական ավանդական արհեստներից մեկի՝ մաքոքագործության դասերը։ Արդյունքում այս ամենը նպաստել է ոչ միայն երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, այլ ստեղծագործական մտածողության, երևակայության և ձեռքի աշխատանքի զարգացմանը։

Ծրագրի շրջանակում երեխաները այցելելել են նաև Հայաստանի մշակութային կարևոր հաստատություններ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Հայաստանի կոմպոզիտորների միություն, «Կերոն» զարգացման հիմնադրամ և Մատենադարան։ Եվ այս այցելությունները հնարավորություն են ստեղծել ավելի մոտիկից ճանաչելու հայկական մշակույթի, երաժշտության, գիտության և արվեստի բազմազան աշխարհը։

Զրույցից պարզեցինք, որ «Ամառային ճամբար»-ը դարձել է մի հարթակ, որտեղ երեխաները սովորել են ստեղծագործել, ընկերանալ և բացահայտել նոր հետաքրքրություններ։ Ի վերջո, նրանք տուն կվերադառնան ոչ միայն նոր գիտելիքներով ու հմտություններով, այլև հիշողություններով, որոնք դեռ երկար կուղեկցեն իրենց։

Մեծ հաշվով՝ առաջին անգամ անցկացվող այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահը կարող է լինել ոչ միայն բարձրարվեստ համերգների, այլև կրթական և մշակութային նորարար ծրագրերի իրականացման կենտրոն։ Այստեղ արվեստը երեխաների համար դարձավ կենդանի փորձառություն, իսկ երաժշտությունը՝ բացահայտումների և ոգեշնչման լեզու:

 

Սամվել Դանիելյան

Լուսանկարները տրամադրել են Անի Մանուկյանն ու Ելենա Խոդիկյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment