CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 28-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների կարգավորման գործընթացը։
Սպիտակ տան պաշտոնյան CNN-ին հայտնել է․ «Ժամանակն է ավարտել պատերազմը»։
Նույն օրը Թրամփը առանձին հանդիպում կունենա նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն Իսրայել–Իրան հակամարտությունը, Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները, ինչպես նաև Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման ուղղությամբ տարվող ջանքերը։
Հիշեցնենք, որ Աբրահամյան համաձայնագրերը ստորագրվել են 2020 թվականին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, ԱՄՆ միջնորդությամբ, Իսրայելի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մարոկկոյի միջև։ Դրանք նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում, դեսպանատների բացում, ինչպես նաև տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացում։