Կոտայքում թեժ իրավիճակ է, ովքեր կլինեն նոր համայնքապետերը, Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին, կընտրեն ԱԺ նախագահ. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության և համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։

Մասնավորապես, Գառնի համայնքում, որտեղ գործող համայնքապետը Տիգրան Պողոսյանն է, ՔՊ-ում ակտիվորեն քննարկվում է այլ թեկնածու առաջադրելու տարբերակը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունում քննարկվում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի թեկնածությունը։ Վերջինս պատգամավորի մանդատ է ստացել Ազգային ժողովում, և, եթե պաշտոնապես ստանձնի պատգամավորի լիազորությունները, կուսակցության ներսում քննարկվում է նրան Գառնիի համայնքապետի թեկնածու առաջադրելու սցենարը։

Հրազդանում ՔՊ-ն, ըստ մեր տեղեկությունների, գրեթե վերջնական որոշում ունի. իշխանության թեկնածուն լինելու է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։

Ծաղկաձորում ՔՊ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է կրկին աջակցել գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որի թեկնածությունը կուսակցության ներսում դիտարկվում է որպես տարբերակ, բայց փնտրում են այլ թեկնածուի։ Եթե ՔՊ-ն այլ թեկնածու «գտավ», Հարությունյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հարությունյանի աշխատանքներից։

Իսկ Աբովյանում իրավիճակն առավել անորոշ է։ Իշխանական թիմում դեռևս շարունակվում են թեկնածուի որոնումները, և վերջնական որոշում չկա։ Միաժամանակ քննարկվում է նաև գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին աջակցելու հնարավորությունը, սակայն այս հարցում ևս վերջնական համաձայնություն դեռ չի ձևավորվել։

Նույն պատկերն է նաև Նաիրի և Նոր Հաճն համայնքներում, որտեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՔՊ-ում դեռ շարունակվում են համապատասխան թեկնածուների որոնումներն ու ներքին քննարկումները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի համայնքային ընտրությունները իշխանության համար առանձնահատուկ քաղաքական նշանակություն ունեն։ ՔՊ-ում համոզված են, որ մարզում անհրաժեշտ է գրանցել հնարավորինս բարձր արդյունքներ՝ հաշվի առնելով, որ այստեղ զգալի քաղաքական ազդեցություն ունի ԲՀԿ առաջնորդ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանը։ Իշխանության ներսում չեն թաքցնում, որ այս ընտրությունները դիտարկվում են նաև որպես հնարավորություն՝ թուլացնելու ընդդիմության դիրքերը մարզում և թույլ չտալու, որ համայնքներում ընդդիմադիր ուժերը վերահսկողություն ձեռք բերեն։

Այդ պատճառով, մեր տեղեկություններով, առաջիկա ամիսներին Կոտայքում սպասվում է լարված նախընտրական շրջան, որտեղ թեկնածուների ընտրությունը ՔՊ-ի համար դարձել է առաջնահերթ քաղաքական խնդիր»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը:

Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։

Առաջին նիստի ամենակարևոր կազմակերպչական հարցերից մեկը լինելու է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։ Հանձնաժողովը կընտրվի խմբակցությունների առաջարկով, պատգամավորների քվեարկությամբ, իսկ դրա կազմում ներկայացված կլինեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը՝ խորհրդարանում խմբակցությունների համամասնությանը համապատասխան։ Հենց այս մարմինն է հետագայում կազմակերպելու և ամփոփելու Ազգային ժողովում անցկացվող գաղտնի ու բաց քվեարկությունների արդյունքները։ Նրա լիազորությունները պահպանվում են խորհրդարանի ամբողջ գումարման ընթացքում։

Դրանից հետո պատգամավորները կանցնեն քաղաքական ամենակարևոր ընտրություններին՝ կընտրեն Ազգային ժողովի նախագահին, ապա՝ Ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր։ Քվեարկությունների արդյունքները կհաշվարկի արդեն ընտրված Հաշվիչ հանձնաժողովը։

Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։ Հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումն իրականացվում է խորհրդարանական ուժերի միջև Դ’Օնթի (D’Hondt) բանաձևով, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։ ՔՊ-ն՝ 9, ՈւՀ-ն՝ 2, Հայաստանը՝ 1 հանձնաժողովների նախագահներ։

Եթե մինչև այդ կառավարությունը խորհրդարան ներկայացնի կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, ապա այն ևս կարող է ընդգրկվել առաջին նիստի օրակարգում և քննարկվել հենց նույն օրը։ Հակառակ դեպքում առաջին նիստի օրակարգը հիմնականում կսահմանափակվի խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմամբ։

Միևնույն ժամանակ, հանրության մի մասի սպասումներին հակառակ, օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի լինելու։

Սահմանադրական ընթացակարգը հստակ է․ խորհրդարանում մեծամասնություն կազմած խմբակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում է ընդունում և այն ներկայացնում Հանրապետության նախագահին։ Նախագահը նշանակում է վարչապետին, որից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ձևավորում է կառավարությունը։ Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, իսկ խորհրդարանը պարտավոր է այն քննարկել և 7 օրվա ընթացքում քվեարկությամբ հավանություն տալ կամ մերժել։

Այսպիսով, օգոստոսի 2-ի նիստը լինելու է ոչ թե կառավարության ծրագրի կամ վարչապետի քաղաքական ելույթի, այլ նոր խորհրդարանի ինստիտուցիոնալ ձևավորման նիստը։ Այդ օրը կձևավորվեն այն մարմիններն ու պաշտոնները, որոնք առաջիկա հինգ տարիներին կազմակերպելու են Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը, իսկ գործադիր իշխանության ձևավորման գործընթացը կշարունակվի արդեն դրանից հետո՝ Սահմանադրությամբ սահմանված փուլերով»։

Leave a comment