Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման

Հուլիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ադրբեջանական անկախ Toplum TV-ի գործով դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում, որը նախագահել է դատավոր Ազեր Թաղիևը, մեղադրյալները հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Այնուհետև հրապարակվել է դատավճիռը։

Դատարանը Ակիֆ Գուրբանովին և Ռուսլան Իզզեթլիին դատապարտել է 15 տարվա ազատազրկման, Ալեսքեր Մամեդլիին և Ալի Զեյնալովը՝ 14 տարվա, Ռամիլ Բաբաևին, Մուշֆիգ Ջաբարովին և Իլքին Ամրահովին՝ 13 տարվա, իսկ Ֆարիդ Իսմայիլովին և Էլմիր Աբբասովին՝ 12 տարվա ազատազրկման։

Դատապազն առաջարկել է մեղադրյալներին զրկել պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից երեք տարով, իսկ Ակիֆ Գուրբանովին և Ռուսլան Իզզեթլիին դատապարտել 16 տարվա ազատազրկման, Ալեսքեր Մամեդլիին և Ալի Զեյնալովին՝ 15 տարվա, Ռամիլ Բաբաևին, Մուշֆիգ Ջաբարովին և Իլքին Ամրահովին՝ 14 տարվա, իսկ Ֆարիդ Իսմայիլովին և Էլմիր Աբբասովին՝ 13 տարվա ազատազրկման։

Բացի այդ, նա առաջարկել է քաղաքացիական հայցն ապահովելու համար բռնագրավել մեղադրյալների մեքենաներն ու տները, որոնց վրա կալանք է դրվել։

Նշենք, որ լրատվամիջոցի դեմ գործը սկսվել է 2024 թվականի մարտի 6-ին: Այդ օրն իրավապահները խուզարկություններ էին իրականացրել անկախ լրատվամիջոցի, «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» և «Երրորդ հանրապետության հարթակի» գրասենյակներում, ինչպես նաև մի քանի աշխատակիցների և ակտիվիստների տներում։ Խուզարկություններից հետո քրեական գործեր են հարուցվել լրագրողներ և հասարակական ակտիվիստներ Ֆարիդ Իսմայիլովի, Էլմիրա Աբբասովայի, Մուշֆիգ Ջաբարի, Ակիֆ Գուրբանովի, Ալի Զեյնալի, Ռամիլ Բաբաևի և Իլքին Ամրահովի դեմ՝ մաքսանենգության մեղադրանքով:

Նրանցից մի քանիսը կալանավորվել են։ Գործով մեղադրյալները հերքում են առաջադրված մեղադրանքները և պնդում, որ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Toplum TV-ի ղեկավարությունն ու անձնակազմը կարծում են, որ շարունակվող հետապնդումը ճնշում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ և Ադրբեջանում խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ։

Toplum TV-ի գործը ծավալվում է անկախ լրագրողների նկատմամբ հետապնդումների ավելի լայն ալիքի ֆոնին: 2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է լրատվամիջոցների շուրջ 30 ներկայացուցիչ, որոնցից շատերը կապված են Meydan TV, Abzas Media և այլ անկախ լրատվամիջոցների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment