Իսրայելը Լիբանանի 2 բնակավայր է հրետակոծել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Իսրայելական անօդաչու թռչող սարքերն առավոտից հետախուզական թռիչքներ են իրականացնում Լիբանանի հարավային շրջաններում և Բեյրութում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Իսրայելական հրետանին գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող Տալուս և Մարկաբ բնակավայրերի ծայրամասերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան ռազմական աղբյուրին։

«Տալուս և Մարկաբ բնակավայրերի ծայրամասերը ենթարկվել են հրետակոծության, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել», – ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ իսրայելցի զինվորականները նաև մի շարք պայթյուններ են իրականացրել Մարկաբի բնակելի թաղամասերում: Բնակավայրում անընդմեջ պայթյուններ են լսվել, որից հետո ծուխ է բարձրացել։

Աղբյուրի տվյալներով՝ այսօր առավոտից իսրայելական անօդաչու թռչող սարքերը հետախուզական թռիչքներ են իրականացնում Լիբանանի հարավային շրջաններում և Բեյրութում:

Հիշեցնենք` թեև հունիսի 26-ին ԱՄՆ–ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրեցին, բայց երկրի հարավում գտնվող բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հրետանու և ավիացիայի հարվածների:

Իսրայելցի զինվորականները պայթեցնում են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ` հայտարարելով, որ հարվածներն իբր հասցվում են «Հզբոլլահ» շարժման հետ կապված թիրախներին՝ Իսրայելի հյուսիսը շիա դիմադրության հնարավոր սպառնալիքից պաշտպանելու շրջանակում:

Leave a comment