Այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր ուզում ենք հայտարարել այնպիսի նախաձեռնությունների մասին, որոնք առանց ձեր առաջատարության, ձեր հանձնառության, ինչպես նաև մեր երկրի նախագահի առաջնորդության հնարավոր չէր լինի իրականացնել։ Ես իսկապես հավատացած եմ, որ այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և ԱՄՆ գործընկերությանը»,- նշեց նա։
Վենսը տեղեկացրեց, որ այսօր ստորագրվել է Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Նրա խոսքով՝ սա ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ ապագա համատեղ ծրագրեր իրականացնելու։
«Սկզբում խոսում ենք մոտ 5 մլրդ դոլարի ներդրումների մասին, երկրորդ փուլում՝ ևս 4 մլրդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է և Հայաստանի համար, և երկրի էներգետիկ անվտանգության ու կայունության տեսանկյունից․ ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում։ Սա նշանակում է, որ ամերիկյան տեխնոլոգիաները մուտք են գործելու այս երկիր։ Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր։ Եվ սա կրկին ի պատիվ ձեր վարչապետի առաջնորդության»,- ասաց Վենսը։
Նա նշեց, որ «ԹՐԻՓՓ» նախագիծը արմատական տրանսֆորմացիա կբերի տարածաշրջանին։ «Բացվելու է նոր աշխարհ միջազգային առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի համար։ Կապահովվի աննախադեպ կապ Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլ նաև կնպաստի խաղաղության գործընթացին։ Երբ կապում ես էներգետիկան և տնտեսությունը, դա նպաստում է խաղաղությանը։ Մենք ոչ թե պարզապես ուզում ենք կերտել խաղաղություն, այլ ցանկանում ենք, որ կերտված խաղաղությունը լինի կայուն և երկարատև»,- ընդգծեց նա։
Վենսը հավելեց, որ ԹՐԻՓՓ հիմնադրամը ենթադրում է զգալի ծավալի մասնավոր կապիտալի ներհոսք Հայաստան։ Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստանին վաճառել նոր դրոնային տեխնոլոգիաներ։
«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների տարածումն ու տեղակայումն է։ Մենք հաստատել ենք Հայաստանի համար 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք՝ մեր լավ բարեկամ վարչապետի հետ համագործակցությամբ։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որը պետք է կերտվի, կլինի կայուն։ Սա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ ներդրումներ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ջեյ Դի Վենսը հավելեց. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, պատմական նշանակություն ունի։ Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որը երբևէ այցելել է այս երկիր։ Սա աշխարհի հնագույն քրիստոնյա պետություններից և ազգերից մեկն է, և ես գիտեմ, թե ինչ նշանակություն ունի Հայաստանը ամբողջ աշխարհի համար»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: