Հայաստանում կանայք շաբաթական մինչև 49 ժամ չվճարվող աշխատանք են կատարում. հետազոտություն

Հայաստանում տնային աշխատանքը, երեխաների և տարեցների խնամքը տնտեսության խոշորագույն, բայց պաշտոնական վիճակագրության մեջ չարտացոլվող հատվածներից մեկն է


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում տնային աշխատանքը, երեխաների և տարեցների խնամքը տնտեսության խոշորագույն, բայց պաշտոնական վիճակագրության մեջ չարտացոլվող հատվածներից մեկն է։ Այս մասին վկայում է «Ազգային փոխանցումային հաշիվներ» հետազոտությունը, փոխանցում է ԱՌԿԱ լրատվական գործակալությունը։


Հետազոտության համաձայն՝ կանայք իրենց կյանքի ընթացքում միջինում շաբաթական 15,3 ժամ ծախսում են տնային գործերի, ևս 8,6 ժամ՝ խնամքի վրա։ Տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 3,6 և 2,2 ժամ։


30-35 տարեկան կանանց շրջանում չվճարվող աշխատանքի ծավալը կարող է հասնել շաբաթական 47-49 ժամի, մինչդեռ նույն տարիքի տղամարդկանց մոտ այն կազմում է 8-11 ժամ։


Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ չվճարվող աշխատանքի ընդհանուր արժեքը կարող է կազմել Հայաստանի տնտեսության 16-30%-ը՝ կախված հաշվարկման մեթոդից։


«Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար  Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ այս աշխատանքը պետք է դիտարկել ոչ միայն որպես գենդերային հավասարության, այլև որպես տնտեսական աճի, աշխատաշուկայի և ժողովրդագրության խնդիր։


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն ընդգծել է, որ պետությունը պետք է զարգացնի երեխաների և տարեցների խնամքի ծառայությունները, նպաստի զբաղվածության ճկուն ձևերին և ստեղծի պայմաններ, որպեսզի կանայք ստիպված չլինեն ընտրություն կատարել ընտանիքի և կարիերայի միջև։


Հետազոտության հեղինակները որպես առաջնահերթություններ նշում են մատչելի մանկապարտեզների և խնամքի ծառայությունների զարգացումը, երեխայի խնամքի արձակուրդների համակարգի կատարելագործումը, ընտանիքամետ կորպորատիվ քաղաքականությունը և չվճարվող աշխատանքի սոցիալական արժեքի ճանաչումը։


Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով։


 

Leave a comment