«Հայ-իրանական հարաբերությունները վտանգված են երկու խաբեբաների պատճառով». Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանության մոտ էին, ինչպես իր ելույթում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը` գործնական եւ խորհրդանշական նպատակով։

Հավաքի գործնական մասն այն էր, որ հուլիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և կուսակցության անունից նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներին: Այդպիսով մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող բոլոր անձանց ուշադրությունն են հրավիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի վրա: Նամակներում ընդգծվել է, որ տեղի է ունենում մարդու իրավունքների, ժողովրդավարության նորմերի կոպտագույն խախտում, և միջազգային կառույցները, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դիվանագետները պետք է իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը, հատկապես որ բոլոր այս կառույցների կողմից «ժողովրդավարություն», «ժողովրդավարական նորմեր» կոչվող եզրույթները մշտական են օգտագործման համար:

«Մենք ուզում ենք հավատալ, որ դրանք լոկ բառեր չեն, որ Հայաստանում գործող դիվանագետները իրենց արդար գնահատականն են տալու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս գործընթացների հետ կապված»,֊ասաց Իվետա Տոնոյանը։

Իսկ այսօր ԲՀԿ ներկայացուցիչները ԻԻՀ դեսպանատան մոտ էին, որպեսզի նորին գերազանցություն պարոն դեսպանին անձամբ փոխանցեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ այն իրավական «ամենաթողությունը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:

«Մեզ համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել՝ երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով, վտանգված են հայ-իրանական դարավոր, բարեկամական հարաբերությունները:

Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնն այս երկու երկրների միջև այդ կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: Եվ այսօր երկու խարդախ գործարարների կեղծ ցուցմունքի պատճառով իրականում վտանգված է հայ-իրանական բարեկամությունը, որովհետև բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սա բացարձակ անհիմն, սուտ և հորինված մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը: Ցավոք, այդ մեղադրանքի հեղինակները ԻԻՀ քաղաքացիներ են: Այն մարդիկ, ովքեր իջեցրել են այս պատվերը, կոնկրետ ԻԻՀ քաղաքացիներին օգտագործելով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել և այնուհետև նրան կալանավորել: Վստահաբար սա նաև որոշակի շարժառիթներ ունի. վստահ եմ, որ որոշակի անձինք կամ երևույթներ են կանգնած այս ամեն ինչի հետևում: Նրանք նաև հստակ նպատակ են ունեցել վատթարացնել հայ-իրանական հարաբերությունները, սեպ խրել դարավոր բարեկամության մեջ, ինչպես նաև Հայաստանում գեներացնել հակաիրանական տրամադրություններ»,-ասաց Իվետա Տոնոյանը` հույս հայտնելով, որ ՀՀ֊ում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը հետամուտ կլինի խարդախության բացահայտմանը։

Մանրամասները` տեսանյութում

Ամբողջական տեսանյութը` այստեղ

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment