Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ


ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է տեղեկատվություն ծխախոտից հրաժարվելու առողջական առավելությունների և առաջին օրերին ծխելը դադարեցնելու գործընթացը հեշտացնելու գործնական խորհուրդների վերաբերյալ։ 


 


«Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմը սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում նվազում է։


 


Երբ որոշում եք հրաժարվել ծխելուց, հիշեք, թե ինչու եք դա անում.


  • Իմ առողջությունը կսկսի բարելավվել արդեն ծխելը դադարեցնելու առաջին ժամերից։

  • Ավելի հեշտ կշնչեմ, իսկ հազը ժամանակի ընթացքում կնվազի։

  • Կբարելավվեն համի և հոտառության զգացողությունները։

  • Կբարելավվի իմ ֆիզիկական դիմացկունությունը և առօրյա ակտիվությունը։

  • Կնվազի սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների և բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը։

  • Կբարելավվի բերանի խոռոչի առողջությունը։

  • Կբարելավվի վերարտադրողական առողջությունը, իսկ հղիության ընթացքում մոր և պտղի առողջական ռիսկերը կնվազեն։

  • Ես կպաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից։

  • Ես կխնայեմ գումար, որը նախկինում ծախսում էի ծխախոտի վրա։


Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին


 


Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել։ Դա ժամանակավոր է և սովորաբար աստիճանաբար նվազում է։


 


Հետևյալ քայլերը կարող են օգնել`


 


Ընտրե՛ք միջավայրեր, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն և այլն)։


 


Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. քայլե՛ք, վազե՛ք, հեծանիվ վարե՛ք, լողով կամ յոգայով զբաղվե՛ք։


 


Ձեռքերը զբաղված պահե՛ք. գրե՛ք, նկարե՛ք, գործե՛ք, օգտագործե՛ք հակասթրեսային գնդակ կամ այլ զբաղմունք։


 


Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրե՛ք ջուրը և չքաղցրացված ըմպելիքները, սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել ծխելու ցանկությունը։


 


Եթե սուրճը առաջացնում է ծխելու ցանկություն, ժամանակավորապես փոխարինե՛ք այն այլ ըմպելիքով։


 


Շեղե՛ք ուշադրությունը. կարդացե՛ք, լուծե՛ք խաչբառ, լսե՛ք երաժշտություն կամ զբաղվե՛ք այլ հետաքրքիր գործունեությամբ։


 


Ծխելու ցանկության դեպքում ծամե՛ք առանց շաքարի մաստակ, կտրատած բանջարեղեն։


 


Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք։


 


Եթե դժվարանում եք դադարեցնել ծխելը` դիմե՛ք մասնագետների օգնությանը:


 


Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01 (անվճար և անանուն խորհրդատվություն)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ6

Leave a comment