ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները


Գրեթե երկու շաբաթվա անընդմեջ ռազմական գործողություններից հետո վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը դադարեցրել են փոխադարձ հարվածները։


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադար վերցնել՝ դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։


Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների՝ ամերիկացի բարձրաստիճան ռազմական և քաղաքական խորհրդականները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահը, զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը և Կենտրոնական հրամանատարության ղեկավարը, մտահոգություն են հայտնել հարվածների արդյունավետության կապակցությամբ։


Խորհրդականները նշել են, որ վերջին երկու շաբաթվա ռմբակոծությունների ընթացքում նախապես ընտրված թիրախների շրջանակը մեծ մասամբ սպառվել է։ Բացի այդ, ըստ աղբյուրների, մտահոգություններ կան սպառազինությունների պաշարների հետ կապված։


Նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է զենքի պաշարների վերաբերյալ տեղեկությունները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգներն ավելի շատ զինամթերք ունի, քան աշխարհում որևէ այլ մեկը, և շատ ավելին, քան իրենց անհրաժեշտ է:


Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ Reuters-ին հայտնել է, որ երկիրը կդադարեցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։ Նրա խոսքով՝ Թեհրանի դիրքորոշումը նույնն է՝ «հարձակում հարձակման դիմաց»։ «Եթե հարվածները դադարեն, Իրանն էլ կկասեցնի իր գործողությունները։ Այդ ուղերձը փոխանցվել է Միացյալ Նահանգներին»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով՝ Թեհրանը մեծ հույսեր չունի, թե հարվածները դադարեցնելու Թրամփի որոշումը լուրջ փոփոխություն կմտցնի ԱՄՆ բանակցային դիրքորոշման մեջ։


Իր հերթին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ միջնորդ երկրների, այդ թվում՝ Պակիստանի, Օմանի և Կատարի միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է: Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը հեշտ չի լինի, քանի որ «միշտ կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմի»:


Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ ուժերն ամեն գիշերը հարվածներ էին հասցնում Իրանին՝ նշելով, որ դա պատասխանն է Հորմուզի նեղուցում նավագնացության վրա իրանական գրոհների։ Թեհրանն էլ պատասխան հարվածներ էր հասցնում հարևան երկրներում ամերիկյան թիրախներին։ Այս փոխադարձ հարձակումների պատճառով խախտվել է հունիսին կնքված փոխըմբռնման հուշագիրը, որով ժամանակավոր հրադադար էր հաստատվել։

Հարվածների դադարեցման ֆոնին նավթի գինը նվազել է 6-7 տոկոսով: Brent տեսակի նավթի գինը կազմել է 89,5 դոլար, WTI տեսակինը՝ 83 դոլար:


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ6

Leave a comment