Որոշ դեպքերում աշխատանքային կենսաթոշակի դիմումը կարող է մերժվել տարածքային սոցիալական ծառայության կողմից, իսկ որոշ դեպքերում հնարավոր են կենսաթոշակի վճարման դադարեցում և պահումներ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այս մասին նշված է Ծառայությունների միասնական հարթակում տեղադրված «Ստանալ կենսաթոշակ» ուղեցույցում, որը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից։ Ստորև ներկայացնում ենք, թե ինչ պատճառներով կարող է մերժվել դիմումը, երբ կարող է դադարեցվել կենսաթոշակի տրամադրումը և որ դեպքերում կարող են կատարվել պահումներ։
Ի՞նչ պատճառներով կարող է մերժվել աշխատանքային կենսաթոշակի դիմումը
Աշխատանքային կենսաթոշակի դիմումը կարող է մեժվել, եթե՝
- անձը չունի կենսաթոշակի իրավունք
- անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի ՀՀ բնակության վայր (հասցե).
- անձը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումը մերժվելու դեպքում դրա մասին կտեղեկանաք դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Ե՞րբ կարող է դադարեցվել աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը
Աշխատանքային կենսաթոշակի տրամադրումը կարող է դադարեցվել եթե՝
-
կենսաթոշակառուն հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից,
-
կենսաթոշակառուն մշտապես բնակություն հաստատի օտարերկրյա պետությունում,
-
կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանա այլ պետությունից,
-
կենսաթոշակի դիմումի գործում հայտնաբերվեն կեղծ փաստաթղթեր,
-
լրանա ՀՀ-ում կենսաթոշակառուի բնակվելու իրավունքի ժամկետը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում),
-
անկախիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում առնվազն յուրաքանչյուր տարի կենսաթոշակառուն չներկայանա այն բանկ, որից ստանում է կենսաթոշակը և չստորագրի, որ բնակվում է ՀՀ-ում,
-
սպառվի լիազորված անձի կողմից անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու լիազորագրի ժամկետը (12 ամիս)։
Կենսաթոշակի տրամադրումը դադարեցվում է նաև կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում։
Ո՞ր դեպքերում կարող են պահումներ կատարվել աշխատանքային կենսաթոշակից
Աշխատանքային կենսաթոշակից կկատարվեն պահումներ, եթե՝
-
կենսաթոշակառուն ներկայացնում է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,
-
սխալմամբ կենսաթոշակառուին վճարվում է նշանակածից ավելի գումար։
Արդյո՞ք ԴԱՀԿ-ն կարող է կենսաթոշակից պահումներ կատարել
Այո՛, ԴԱՀԿ-ն՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, կարող է կատարել պահումներ մինչև կենսաթոշակի գումարի 30%-ի չափով՝ մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ պահումներ կատարելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի ՀՀ կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից:
Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվներից (դրանց կուտակման ժամանակահատվածում) պահումներ չեն կարող կատարվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը։